Թուրքական հանգստավայրեր ու ծովափեր այցելող իսրայելցի տուրիստների քանակը 2010-ի հունիսին նվազել է 90 տոկոսով` նախորդ տարվա հունիսի համեմատությամբ: Հաղորդում է аntaliatoday.ru պորտալը:

Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության կայքում հրապարակված տվյալների համաձայն, 2010-ի հունիսին Թուրքիա են այցելել 2,6 հազար իսրայելցի, այնինչ նախորդ տարի այդ թիվը կազմել է 27 հազար:

Տուրիստների թվաքանակի նվազումը կապված է Իսրայելի հակաահաբեկչական բյուրոյի կողմից արված նախազգուշացման հետ, որտեղ խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ Թուրքիա այցելելուց:  Մասնավորապես, ասվել է, որ Թուրքիա այցելելու պարագայում շատ զգույշ լինեն, իրենց վրա ուշադրություն չհրավիրեն եւ հասարակական վայրերում խուսափեն եբրայերեն խոսելուց: