Պարբերականն անդրադարձել է Երեւան-Բաթում երթուղու սպասարկման հետ կապված դժգոհություններին:  Խմբագրություն այցելած քաղաքացիները, որոնք իրենց հանգիստն են անցկացրել Աջարիայում, պատմել են Վրաստանում այս երթուղու գնացքում տեղի ունեցածի մասին: «Ըստ մեր զրուցակիցների, իրենց մեկնելու պահին Երեւան-Բաթում գնացքում դատարկ տեղեր չկային, բայց իրենք տոմսեր ձեռք էին բերել խորհրդային ժամանակներին բնորոշ «ծանոթի միջոցով»: Մեկնելիս գնացքում խնդիրներ չեն ծագել, բայց ահա վերադառնալիս, Բաթումին հաջորդած մյուս կայարաններում առաջացել է մեկ այլ խնդիր` գնացքի տոմսեր ձեռք բերած մեր հայրենակիցները տեսել են, որ իրենց տեղերն արդեն զբաղեցված են:

Նման վիճակում հայտնվածների թիվն ավելացել է եւ հասել ծայրակետին Թբիլիսիում: Մարդիկ, ընտանիքներով, երեխաների հետ, ուղեբեռներով բարձրանալով գնացք եւ տեսնելով իրենց տեղերը զբաղեցրած` սկսել են դժգոհել, աղմուկ, իրարանցում է առաջացել: Չնայած գնացքի ուղեկցորդների խոստումներին`անպայման տեղավորել նրանց, դժգոհություները չեն նվազել: Կուպեի համար տոմս ձեռք բերած մարդիկ, բնականաբար, չեն ցանկացել երթեւեկել պլացքարտով: Ինչպե՞ս է ստեղծվել նման իրավիճակը հայկական երկաթուղում, ինչո՞ւ է ստեղծվել, մարդկանց չէր հետաքրքրում:

Նրանք իրենց օրինական պահանջն էին ներկայացրել»: «Ազգ»-ը գրում է նաեւ, որ զարմանալի եւ անսպասելի չէ նման իրավիճակների առկայությունը «Հարավկովկասյան երկաթուղում»: «Մի ընկերությունում, որի գործունեությունը խորհրդային տարիներից ի վեր չի փոխվել եւ անգամ ավելի է վատթարացել, որն անգամ տոմսերի վաճառքի գրառումը կատարում է առանց համակարգչի, մատյաններում գրառելով, ի՞նչ պայմաններ ապահովելու եւ առավել եւս բարձրակարգ սպասարկման մասին կարող է խոսք լինել»,-եզրակացնում է թերթը: