«Հայկական ժամանակ» թերթն անդրադառնում է ՀՀ նախագահի Սեւանի թերակղզում գտնվող պետական ամառանոցի մասնաշենքերի հիմնանորոգման խնդրին:
«ՀՀ նախագահի Սեւանի թերակղզում գտնվող պետական ամառանոցի մասնաշենքերի հիմնանորոգման համար պետական բյուջեից միայն այս տարի ծախսվել է 130 միլիոն դրամ կամ 350 հազար դոլար: Աշխատանքները սկսվել են այս տարվա մայիսից: Սակայն ամենաուշագրավն այն է, որ այդ հսկայական ծավալի հիմնանորոգման աշխատանքներ իրականացնելու համար մրցույթներ չեն հայտարարվել, եւ այդ բոլոր ծախսերը ձեւակերպվել են որպես «մեկ անձից կատարվող գնում»: Սրանից փաստորեն կարելի է կռահել, որ ՀԱՊԿ գագաթաժողովը Հայաստանում անցկացնելու մասին վերջնական որոշումը կայացվել է հենց մայիսին: Որքանով են արդյունավետ օգտագործվել այդ գումարները՝ հնարավոր չէ պարզել: Բայց եթե ամառանոցը ուներ նորոգման կարիք, ապա դրա մասին պետք էր նախօրոք մտածել, առանց շտապելու մրցույթ հայտարարել եւ ընտրել լավագույն կազմակերպությունը, որն այդ հիմնանորոգման աշխատանքը կիրականացներ որակով եւ էժան: Եթե մինչ այդ չի եղել նորոգման կարիք, ապա ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների ընդունելության համար նման հապճեպ ծախսեր անելու կարիք չպետք է լիներ»,-կարդում ենք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:




























