Մտավորականներն ու ժողովուրդը պետք է պայքարի դուրս գան Մարզահամերգային համալիրը ժամանցի գոտի դարձնելու և հարակից տարածքում ժամանցային նոր շինություններ կառուցելու դեմ։ Այս մասին այսօր՝ օգոստոսիր 17-ին լրագրողների հետ զրույցում ասաց համալիրի ճակատային հատվածի հեղինակ-քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը։
«Մտավորականները, լրագրողներն ու ամբողջ ժողովուրդը, վստահ եմ` կարող են մի բան փոխել, եթե պայքարեն։ Ավելի լավ է` այդ շենքը քանդեն, տանեն Եղեռնի զոհերի հուշահամալիրից հեռու, քան ինչ–որ նոր բան այնտեղ կառուցեն»,-ասաց քանդակագործը` հավելելով, որ Ծիծեռնակաբերդի բարձունքը մեր համար սուրբ վայր է, և նման բան չեն կարող կառուցել այնտեղ։
Ֆերդինանտ Առաքելյանի խոսքով` կառավարության այս որոշումն արհամարհանք է ժողովրդի նկատմամբ։
«Այսքան արհամարհել կարելի՞ է։ Այդ ինչքա՞ն են ատում ժողովրդին մեր կառավարողները։ Ի՞նչ է նշանակում մառոժնի ծախել, մարմնավաճառներ բերել, ամեն ինչ անել՝ այդ շենքը պահելու համար։ Էդ «Լուվրը» էդպե՞ս են պահում, «Լա Սկալան» էդպե՞ս են պահում»,- վրդովվեց քանդակագործը։
Հրապարակախոս Կարինե Հակոբյանն առաջարկում է Մարզահամերգային համալիրը ազգայնացնել և տրամադրել ՀՀ մշակույթի նախարարությանը, քանի որ այն մշակութային կենտրոն է։
«Եթե պրոֆեսիոնալ կառավարում իրականացվի, ապա շահագործումը եկամտաբեր կլինի: Այն մեր պետության խորհրդանիշներից մեկն է, բայց եթե միայն մտածենք շահույթի մասին, բնականաբար, կզրկվենք դրանից»,-նշեց հրապարակախոսը։
Բանախոսները կոչ արեցին միասնական պայքարել` հույս հայտնելով, որ դրա արդյունքում հնարավոր կլինի հասնել որոշման չեղարկմանը։
«Ի վերջո մենք սրբավայրի հետ գործ ունենք, եկեք պայքարենք։ Եղեռնի զոհերի հուշահամալիրի մոտ չի կարելի տաշի-տուշի անել»,–ասաց Ֆերդինանտ Առաքելյանը։
Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրը, որն ավելի վաղ փոխանցվել էր Պաշտպանության նախարարությանը, վաճառվել է մասնավոր ընկերության։ Այնտեղ նախատեսվում է ժամանցի գոտու ստեղծում։ Գնող ընկերությունը նախատեսվում է, որ կիրականացնի կառուցապատում և կստեղծի ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն, որն առաջինն է լինելու ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում: Այն ներառելու է հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ և խաղատուն:





























