Ըստ Սեյսմիկ պաշտպանության կենտրոնի եզրակացության, Նազարբեկյան 48 շենքի շահագործումը պետք է դադարեցնել: Այս մասին հայտարարություն է տարածել Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Երեւանի Աջափնյակ թաղամասի Նազարբեկյան 48 շենքի վերաբերյալ բացի Ձեզանից, հարցումներ  եմ արել ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարին, ՀՀ քաղաքաշինության նախարարին, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ պետին: 

ՀՀ քաղաքաշինության նախարարի հանձնարարությամբ պատասխանել է ՀՀ քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչը, ով  հայտնել է, որ այդ շենքի շինարարական աշխատանքների ավարտի  վերաբերյալ ստորագրված ակտ գոյություն չունի: Փաստորեն շենքը, որպես ավարտված կառույց, չկա, բայց Կադաստրում գրանցված է եւ  բնակիչներից շատերն ունեն սեփականության վկայականներ, ներառյալ ՀՀ կառավարության կողմից նվեր ստացած քաղաքացիները: Իսկական հանելուկ:

Չափազանց խոսուն է ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ (կադաստրի) պետի հանձնարարությամբ կադաստրի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար ժ/պ-ի պատասխանն այն մասին, որ մինչեւ ամեն փաստաթղթի համար 1000-ական դրամ չմուծեմ, ոչ մի տեղեկություն չեմ ստանա:

Ամենացնցողը ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի հանձնարարությամբ  «Սեյսմիկ պաշտպանության արեւմտյան ծառայություն»  ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից իրականացված շենքի տեխնիկական  վիճակի գնահատման 10  էջանոց եզրակացությունն է`  ներառված  բազմաթիվ լուսանկարներով, որի մեջ գրված է.

«Եզրակացնում ենք, որ շենքի շահագործումը բազմաթիվ վտանգներ է սպառնում մարդկանց կյանքին ու առողջությանը, ուստի պետք է անմիջապես դադարեցնել շենքի շահագործումը եւ կատարել մարդկանց տարհանում: Շենքի հետագա անվտանգ եւ ապահով շահագործման համար պետք է ավարտել բոլոր շինարարական աշխատանքները եւ վերացնել սույն եզրակացության մեջ նշված բոլոր վնասվածքներն ու թերությունները ու հետագա լրացուցիչ հետազոտություններով`  վերջնաճշտված թերությունները: Շենքի վերակառուցման նպատակով նախատեսվող բոլոր շինարարական աշխատանքները պետք է իրականացվեն սահմանված  կարգով մշակված եւ հաստատված նախագծի հիման վրա»:

Ձեզ եմ տրամադրում այս ամբողջական եզրակացությունն ու հայտնում բնակիչների եւ իմ մտահոգությունները, թե ի՞նչ  լուծում պիտի տրվի այս խնդրին, քանի դեռ որեւէ  մեկի հետ դժբախտ պատահար տեղի չի ունեցել»: