«Ռուսաստանն ամեն ինչ անում է, որ Հայաստանն ամբողջությամբ կախված լինի իրենից»,-«Հրապարակի» հետ զրույցում ասել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: «Եթե Ռուսաստանը լինի դեմոկրատական, ինչպես ասենք, Ֆրանսիան, նրա հետ մերձեցումը շահեկան կլինի բոլոր հարեւանների համար, բայց երբ որեւէ պետություն դեմոկրատական չէ, մարդու իրավունքները չեն հարգվում, կոռումպացված է, նշանակում է՝ սեփական ժողովրդին չհարգող պետությունը չի կարող հարեւան ժողովրդին հարգել: Նրանց խամաճիկ Հայաստան է պետք, որ որպես դաշնակից գնան-գան: Իրենք հասկանում են, որ եթե Հայաստանն էլ կայանա, Լեհաստանի կամ Ուկրաինայի նման պիտի ասի՝ բան եք ծախում, գինը հարմար լինի՝ կառնենք, հարմար չլինի՝ չենք առնի: Բայց պարսկական գազի հարեւանությամբ մենք Ռուսաստանից ավելի թանկ ենք գազը գնում»,- ասել է Հայրիկյանը: Նա ՌԴ նախագահ Մեդվեդեւի այցը շարքային է անվանել: Այդ այցը, ըստ նրա, Հայաստանին բան չի տա, «պարզապես ստրկատերն այցելում է ստրուկին»: