Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը մարզահամերգային համալիրի ու դրա մերձակա տարածքում հյուրանոց, ռեստորան կամ այլ շինություններ կառուցելն իրատեսական չի համարում: Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին,  լրագրողների հետ զրույցում ասաց Մկրտիչ Մինասյանը:

«Դեռեւս նախագիծ ներկայացված չէ, անհասկանալի է, թե որտեղ են այդ հսկայական կառույցները լինելու, որոնց մասին խոսվում է: Մարզահամերգային համալիրի տարածքում հյուրանոց, ռեստորան եւ այլ շինություններ կառուցելն իրատեսակ չէ, հարիր չէ: Եթե հստակ տեղը ցույց տան, գուցե ավելի հանգիստ լինենք»,- ասաց Մկրտիչ Մինասյանը։

Մկրտիչ Մինասյանը չքննադատեց համալիրի վաճառքի վերաբերյալ Կառավարության որոշումը: Նա նշեց, որ մտահոգված է, թե ով է համալիրի սեփականատերը:

«Մենք պետք է իմանանք թե ով է ստանձնում մշակութային արժեքի տնօրինությունը եւ պետք է վստահ լինենք, որ սեփականատերն ըստ իր ցանկությունների չի վարվի շենքի հետ»,- ասաց Մկրտիչ Մինասյանը՝ նշելով, որ անհրաժեշտ է պայմանագիրն այնպես ստորագրել, որ որեւէ փոփոխություն չթույլատրվի կատարել շենքի հետ:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ ՊՆ-ին պատկանող Մարզահամերգային համալիրը 30 մլն դոլարով վաճառվել է «Նտաա ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ–ին: Նախատեսվում է վերանորոգել համալիրի շենքը, իրականացնել կառուցապատում եւ ստեղծել ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն, որը ներառելու է հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ եւ խաղատուն: Ծրագրով ընդհանուր ներդրումները գերազանցելու են 100 մլն ԱՄՆ դոլարը։