Վանի Ախթամար կղզում սեպտեմբերի 19-ին Սուրբ Խաչ եկեղեցու վերաբացման կապակցությամբ համերգ է տալու հայազգի երաժիշտ Շահան Արծրունին, ով հարցազրույց է տվել թուրքական Zaman-ին։
Հայազգի երաժիշտը հույս է հայտնել, որ երաժշտության միջոցով իրեն կհաջողվի գեղեցիկը փոխանցել թե հայ, թե թուրք ունկնդիրներին: Նա նշել է, թե ցանկանում է Վանում կազմակերպվելիք համերգից հետո Թուրքիայի արեւելյան շրջանի այլ քաղաքներում եւս համերգներ գալ։ Շահան Արծրունին հիշեցրել է, որ Վանում համերգով հանդես գալու նախաձեռնության հեղինակն ինքն է։ «Ես հունիսին դիմեցի Նյու Յորքում Թուրքիայի հյուպատոսություն, որտեղ իմ ցանկությունը շատ դրական ընդունվեց։ Համերգ կազմակերպելու գործընթացին մեծ աջակցություն է ցուցաբերում Վանի 100-րդ տարի համալսարանը եւ Պոլսո Հայոց պատրիարքարանը»-նշել է Շահան Արծրունին։
Նա ասել է, թե ինքը սերում է Ախթամարի Ս.Խաչ եկեղեցին կառուցած հայոց արքա Գագիկ Արծրունու ցեղից, սակայն, ցավոք, մինչ օրս չի եղել Ախթամար կղզում
Շահան Արծրունին նախատեսում է Վանում կազմակերպվելիք համերգին հնչեցնել հայ եւ թուրք դասականների ստեղծագործությունները, ինչպես նաեւ հանդիսատեսի դատին հանձնել «Ախթամար» երաժշտականացված ներկայացումը։




























