NEWS.am-ը բազմիցս է բարձրացրել Հայաստանում տեղական հումքի հիման վրա ածիկի ստացման գործարան ստեղծելու թեման: Այդ հրապարակումների հիման վրա նախագծին արձագանքել է Ռուսաստանի գարեջրագործների միությունը:

««Հայկական ածիկ» եւ «հայկական գարեջրագործական գարի» բառակապակցությունները շուտով զարմանք չեն առաջացնի համաշխարհային գարեջրագործական հանրության ներկայացուցիչների մոտ: Հայաստանի մեր գործընկերներին՝ «Երեւանյան գարեջուր» եւ «Գյումրի գարեջուր» գործարաններին եւ, առաջին հերթին, հայկական գյուղմթերք արտադրողներին հաջողություններ ենք մաղթում նախանշված ծրագրերի զարգացման հարցում, իսկ Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությանը՝ մեր Միության հետ սերտ փոխգործակցություն ԵՏՄ պետությունների ընդհանուր նախագծի շուրջ աշխատանքում»,- ասված է հաղորդագրությունում:

Նշենք, որ Գյումրիում գործարկված ածիկի գործարանը ծրագրում է այս տարի ֆերմերներից գարու առաջին խմբաքանակը գնել: Մինչ այդ, գործարանը տարիներ շարունակ Հայաստանի տարբեր շրջաններում փորձարկում էր Հունգարիայից եւ Գերմանիայից ներկրված տեսակները: Խորհրդային տարիներին հիմնադրված Լենինականի գարեջրա-ածիկի գործարանը վերագործարկվել է «Երեւանյան գարեջուր» եւ «Գյումրի գարեջուր» գործարանների համատեղ ջանքերով:

Գործարանը նախատեսում է տարեկան 25 հազար տոննա գարի մշակել եւ 15 հազար տոննա ածիկ ստանալ: 2012 թվականին «Երեւանյան գարեջուր»-ը տեղական շուկայի պահանջարկը 7-10 հազար տոննա գնահատեց, սակայն հույս ունի ածիկը Վրաստան արտահանել: Անհրաժեշտ ծավալով հումք ստանալու համար շուրջ 6 հազար հեկտար տարածք է հարկավոր (Հայաստանում գարի ցանքսի համար ներկայում օգտագործվող տարածքի շուրջ 8%-ը):