Քանի դեռ լարված են ռուս-բելառուսական հարաբերությունները, Մինսկում շարունակում են հրաժարվել որեւէ մեկնականություն տալ Լուկաշենկոյի ծրագրերի մասին: Բելառուսի առաջնորդի մամուլի ծառայությունում չեն մեկնաբանում նախագահ Լուկաշենկոյի եւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի՝ Հայաստանում ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում հաշտվելու հնարավորությունը:

NEWS.am-ի թղթակցի հարցին՝ երկու նախագահների հնարավոր բանակցությունների մասին, Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունում հրաժարվել են որեւէ պատասխան տալ:  

Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին Լուկաշենկոն, պատասխանելով Մեդվեդեւի դիտողությանը, թե Բելառուսը չի կատարում Հարավային Օսիան եւ Աբխազիան ճանաչելու իր խոստումը, մեղադրել էր վերջինիս «անբարեխղճության» մեջ: Ի պատասխան ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն պատրաստակամություն էր հայտնել հրապարակել ՀԱՊԿ գագաթաժողովի նիստի սղագրությունը, որում Լուկաշենկոն խոստանում է ճանաչել այդ հանրապետությունները:

Նշենք, որ Ալեքսանդր Լուկաշենկոն Երեւան է ժամանել ՀԱՊԿ գագաթնաժողովից երկու օր շուտ: Նա մասնավոր այցով Երեւանում է  օգոստոսի 18-ից: