ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ոստիկանության Գավառի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի տեղամասային տեսուչի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ:
ՀՔԾ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված ծառայողական քննության նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Գավառ քաղաքի բնակիչ Ս.Մխիթարյանի կողմից Կ.Ավետիսյանի առողջությանը դիտավորությամբ թեթեւ մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ նյութերը նախապատրաստել է տեղամասային տեսուչ, ոստիկանության կապիտան Զ.Դավթյանը: Նյութերով Ս.Մխիթարյանին քրեական պատասխանատվության չենթարկելու համար ոստիկանության կապիտանը Ս.Մխիթարյանից պահանջել եւ 2010 թվականի մայիսի 9-12-ն ընկած ժամանակահատվածում նրանից անձամբ ստացել է կաշառք:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն, որի արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:



























