Հայաստանի ազգային հավաքականի եւ «Վոլգայի» հարձակվող Արթուր Սարկիսովը Մոսկվայում թիակոսկրի վիրահատությունից հետո NEWS.am թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում պատմեց, թե ինչպես է իրեն զգում այժմ:

Արթուր, երեկ ուշ երեկոյան վիրահատվեցիր, ինչպե՞ս ես այժմ քեզ զգում:
Ամեն ինչ նորմալ անցավ: Հիմա լավ եմ:

Այսօր կարդացի, որ երբ վիրահատությունից հետո աչքերդ բացել ես, առաջին հարցը տվել ես՝ արդյոք քեզ ազգային հավաքական  կանչե՞լ են: Այդպե՞ս է:
Ոչ, այդպիսի բան չեմ ասել (ծիծաղում է):

Որքա՞ն կտեւի վերականգնողական ընթացքը:
Երեք շաբաթ պետք է գիպսի մեջ լինեմ: Հետո կսկսեմ մարզվել: Սկզբից վազել չեմ կարողանա: Հատուկ ծրագրով կմարզվեմ: Կարծում եմ՝ մեկ ամսից արդեն նորմալ կպարապեմ, գուցե վերադառնամ դաշտ:

Այս տարին շատ հաջող էր քեզ համար, եւ հիմա ստիպված ես առնվազն մեկ ամիս բացակայել: Բոլորս տխրեցինք քեզ համար:
Այո, լավ չեղավ: Խաղային դրվագ էր: Հարված ստացա: Ի՞նչ արած:

Ինչ ես կարծում, Ֆրանսիայի եւ Ալբանիայի հետ հոկտեմբերին կայանալիք խաղերին կկարողանա՞ս մասնակցել:
Կարծում եմ՝ այո:

Ի՞նչ կմաղթես հավաքականի տղաներին, շուտով նրանց սպասում են Սերբիան ու Դանիան:
Հաջողություն: Թող ցույց տան ինչի են ընդունակ: Իսկ նրանք ի զորու են հաղթելու, ես հավատում եմ:

Վերա Մարտիրոսյան Vera&Football