WBC վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, բրիտանացի Կարլ Ֆրոչը հայտարարել է, որ մտադիր է հաղթել «Super Six World Boxing Classic» սուպերմրցաշարում, որը կազմակերպում է Showtime ընկերությունը։
«Ես պատրաստվում եմ ջախջախել նրանց բոլորին և հաղթել մրցաշարում։ Հետաքրքիր կլինի տեսնել, թե Միքել Քեսլերն ինչ մարտավարություն կկիրառի Ջերմեն Թեյլորի դեմ։ Արթուր Աբրահամը կարող է վտանգավոր լինել։ Նա մի աստիճանով բարձրացել է, սակայն այստեղ էլ կարող է տիրապետել հզոր հարվածի։ Սակայն ես ոչ մեկին առավելություն չեմ տալիս։ Մի մոռացեք, որ ես չգիտեմ, թե ինչ է պարտությունը, և ես նոկաուտի եմ ենթարկել իմ մրցակիցների 80%-ին»,- հայտարարել է Ֆրոչը։
Հիշեցնենք, որ հայ բռնցքամարտիկ Աբրահամը ոչ վաղ անցյալում հրաժարվել էր IBF վարկածով միջին քաշային կարգում չեմպիոնի տիտղոսից, որպեսզի անցնի սուպերմիջին քաշային կարգ և հանդես գա «Super Six World Boxing Classic» աննախադեպ մրցաշարում, որին մասնակցելու են աշխարհի առաջատար 6 բռնցքամարտիկներ։ Միջին քաշայինների առաջնությունը մեկնարկելու է 2009 թվականի հոկտեմբերին և շարունակվելու է մինչև 2011 թվականի գարուն-ամառ։
Իր առաջին մարտը Աբրահամը կանցկացնի հոկտեմբերի 17-ին։ Այդ օրը նա կհանդիպի միջին քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Ջերմեն Թեյլորի հետ։ Այդ մարտը նախատեսվում է անցկացնել Բեռլինում։




























