Սեպտեմբերի 2-ին ՀՅԴ-ն հանրահավաք է անելու՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի անկախության օրվան: Այդ մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Լրագրողների խնդրանքով անդրադառնալով համագործակցության պլատֆորմներ ներկայացրած Հայ Ազգային Կոնգրեսի եւ «Ժառանգության» հետ համագործակցելու հնարավորությանը, Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ ՀՅԴ-ն էլ իր պլատֆորմն է ներկայացնելու: Ըստ Մինասյանի՝ այդ պլատֆորմն այժմ մշակման փուլում է եւ ներկայացվելու է սեպտեմբերի 2-ին կայանալիք հանրահավաքին: «Այնտեղ դուք հստակ կտեսնեք մեր մոտեցումները ազգային, ժողովրդավարական ուղղություններով, նաեւ գնահատականներ»,- ասաց Մինասյանը եւ հավելեց, որ համագործակցությունը կախված է ՀՅԴ Գերագույն Մարմնի որոշումից եւ իրենց պլատֆորմի նկատմամբ ընդդիմադիր ուժերի մոտեցումներից:
Արծվիկ Մինասյանը նաեւ նշեց, որ սեպտեմբերի 2-ի հանրահավաքում ուժի մեջ է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի պահանջը: NEWS.am-ի թղթակցի հարցին, թե հնարավո՞ր է, որ ՀՅԴ-ն այլ պաշտոնյաների հրաժարականն էլ պահանջի, Մինասյանը պատասխանեց. «Կգաք հանրահավաքի, կտեսնեք»:




























