«Ազգ» թերթն անդրադարձել է ռուսական ռազմաբազաների տեղակայման մասին հայ-ռուսական արձանագրությանը: «Անշուշտ եւս 34 տարով ռուսական ռազմաբազայի առկայությունը փոքր-ինչ կդժվարացնի Հայաստանի արտաքին քաղաքականության շարժունակությունը: Շատ է քննարկվել այն հանգամանքը, որ տապալված հայ-թուրքական գործընթացի հետեւանքով Հայաստանին հասցվել է ռազմավարական վնաս: Հայաստանը ունի 3 հիմնական գործընկեր` Ռուսաստան, ԱՄՆ եւ ԵՄ: Վերջինս չունի ռազմական անվտանգության ապահովման սեփական մեխանիզմներ` հույսը դնելով ՆԱՏՕ-ի վրա, իսկ ԱՄՆ-ը փաստացի չի ցանկանում կամ չի կարող այդ բացը լրացնել, ինչն ակնհայտ դարձավ պետքարտուղար Հ. Քլինթոնի Երեւան կատարած այցի արդյունքներից:
Մյուս եւ միակ դաշնակից Ռուսաստանը համաձայնում է լրացնել առկա մարտահրավերը միայն սեփական կանոններով»: «Ազգ»-ը գրում է նաեւ, որ, «անկասկած, 4000-անոց ռազմաբազան ֆիզիկապես չի կարող հետ մղել Թուրքիայի հիպոթետիկ հարձակումը, բայց պետք չէ մոռանալ, որ դեռ 1995թ. այդ երկրին զգաստացնելու գործոն է եղել ոչ թե ռուսական բազայի թվաքանակը կամ այնտեղ տեղակայված ռազմական տեխնիկան, այլ այնտեղ ծածանվող ռուսական դրոշը: Այսու` նույն զգոնությունը կփոխանցվի նաեւ Ադրբեջանին, քանի որ հայ-ռուսական հարաբերություններում կատարվող այս շտկմամբ Հայաստանը ամենեւին չի կորցնում իր անկախությունը կամ ինքնիշխանությունը, այլ ընդհակառակը` ձեռք է բերում իր կայուն զարգացումը, այդ թվում նաեւ ԼՂՀ անվտանգությունն ապահովելու հավելյալ, արտաքին երաշխիքներ` ամենաբարձր հնարավոր` միջպետական երկկողմ պայմանագրի մակարդակով, որը զերծ է նաեւ բազմակողմ կազմակերպություններին (այդ թվում` ՀԱՊԿ-ին) արդարացիորեն վերագրվող բյուրոկրատական թերություններից: Նրանք, ովքեր վտանգ են տեսնում հայ-ռուսական դաշնակցության չափից դուրս խորացման մեջ, ամենեւին չպետք է մոռանան, որ Հայաստանի օրենսդրությունը բարեփոխվում է եվրոպական, այլ ոչ թե ռուսական մոդելներով, իսկ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում շարունակում է աշխատել ԵՄ, այլ ոչ թե ՌԴ խորհրդականների թիմը»:



























