Դուբլինի Թրինիթի քոլեջի (Իռլանդիա) աստղագետները մշակել են հեռավոր մոլորակների եղանակը վերծանելու նոր մեթոդ։ Դրա օգնությամբ նրանք վերլուծել են Ջեյմս Ուեբ տիեզերական աստղադիտակի (JWST) տվյալները և արդեն պարզել են, որ SIMP 0136 շագանակագույն թզուկի կլիման ենթարկվում է խիստ օրինաչափությունների՝ ձևավորվելով ընդամենը երկու մթնոլորտային գործընթացներից։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Astronomy & Astrophysics-ում։
Հետազոտողները կիրառել են գլխավոր բաղադրիչների վիճակագրական մեթոդը (PCA), որը թույլ է տալիս պարզեցնել բարդ տվյալները՝ բացահայտելով հիմնական օրինաչափությունները։ Թզուկի պայծառության ամենափոքր փոփոխությունների վերլուծությունը նրա պտույտի ընթացքում ցույց է տվել, որ այնտեղի եղանակը որոշվում է ջերմաստիճանային տատանումներով և ամպերի ուղղահայաց կառուցվածքով (մեր կույտավոր ամպերին նման)։ Գիտնականները առանձնացրել են մթնոլորտի երեք կրկնվող վիճակներ․ տաք օդով և նոսր ամպերով հատվածները հերթագայվում են ավելի սառը գոտիներով, որտեղ ձևավորվում են խիտ բազմաշերտ ամպեր։ Չնայած մոլորակի տեսքի թվացյալ քաոսայնությանը՝ այս համակարգը ենթակա է կանխատեսման։
«Մենք հայտնաբերել ենք, որ եղանակ ձևավորող այս գործոնները պահպանվում են ժամանակի ընթացքում, նույնիսկ եթե մթնոլորտի արտաքին տեսքը փոխվում է ավելի քան մեկ տասնյակ պտույտների ընթացքում», — պատմել է հետազոտության առաջատար հեղինակ Մերլ Շրադերը՝ Թրինիթի քոլեջի Ֆիզիկայի դպրոցի ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ զարմանալի է, որ գիտնականներին հաջողվում է տարբերակել հեռավոր աշխարհի եղանակային մանրամասները, թեև աստղադիտակի նկարներում այդ օբյեկտը երևում է որպես փոքրիկ պիքսել։
Շագանակագույն թզուկները միջանկյալ դիրք են զբաղեցնում գազային հսկաների և աստղերի միջև․ դրանք ավելի մեծ և ավելի տաք են, քան Յուպիտերի նման մոլորակները, սակայն բավարար զանգված չունեն ջերմամիջուկային ռեակցիաներ սկսելու համար։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Երկրից 20 լուսային տարի հեռավորության վրա գտնվող SIMP 0136-ը ցուցաբերում է հյուսիսափայլ հիշեցնող ակտիվություն։
Այդպիսի աշխարհների եղանակի ուսումնասիրությունն անմիջապես մոտեցնում է գիտնականներին էկզոմոլորակների մթնոլորտների քիմիական կազմը հասկանալուն և Արեգակնային համակարգից դուրս պոտենցիալ բնակելի գոտիների որոնմանը։ Շագանակագույն թզուկներին Երկրից հեշտ է դիտարկել նրանց չափերի շնորհիվ, ինչը այս երկնային մարմինները դարձնում է իդեալական լաբորատորիա ամպերի ձևավորման մասին տեսությունները փորձարկելու համար։ Ինչպես նշում է աշխատանքի համահեղինակ պրոֆեսոր Յոհաննա Վոսը, նոր վերլուծական մոտեցումը արմատապես կփոխի թզուկների դիտարկումների մշակումը՝ առաջարկելով նրանց կլիման գնահատելու արագ եղանակ մինչև ռեսուրսատար մոդելավորումը։


























