«Ռոսնեֆտ»-ի Սիզրանի և Սարատովի նավթավերամշակման գործարանները, որոնց համատեղ հզորությունը տարեկան ավելի քան 15 միլիոն տոննա է, դադարեցրել են նավթամթերքի արտադրությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով ստացած վնասների պատճառով, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ոլորտի երեք աղբյուրների։
Սարատովի նավթավերամշակման գործարանը, որը տարեկան արտադրում է 1,2 միլիոն տոննա բենզին և 1,9 միլիոն տոննա դիզելային վառելիք, սեպտեմբերի 11-ին ամբողջությամբ դադարեցրել է վերամշակումը։ Սիզրանի գործարանը, որը արտադրում է 800 հազար տոննա բենզին և 1,5 միլիոն տոննա դիզել, կանգ է առել 4 օր անց՝ սեպտեմբերի 15-ին։
«Ռոսնեֆտ»-ի Սամարայի խմբի կազմի մեջ մտնող Սիզրանի գործարանում վնասվել է նավթի վերամշակման հիմնական կայանքը՝ ԱՎՏ-6-ը, Reuters-ին հայտնել են աղբյուրները․ դրա արտադրողականությունն օրական 17,1 հազար տոննա է, և այն ապահովում է նավթավերամշակման գործարանի հզորության 71%-ը։
Գործարանի երկրորդ կայանքն անօդաչու թռչող սարքերի հարձակման պահին արդեն պարապուրդի մեջ էր․ այն վնասվել էր հուլիսին տեղի ունեցած նախորդ հարձակման ժամանակ։ Սեպտեմբերին վնասված կայանքի վերանորոգման համար կարող է պահանջվել մոտ մեկ ամիս, ասել են Reuters-ի զրուցակիցները։
Սարատովի նավթավերամշակման գործարանը սեպտեմբերին արդեն երկրորդ անգամ է հայտնվել ԱԹՍ-ների հարվածի տակ և երրորդ անգամ՝ օգոստոսի սկզբից ի վեր։ Անցած ամիս այն մի քանի շաբաթով դադարեցրել էր աշխատանքը սարքավորումների վնասման և հրդեհների պատճառով։ Սեպտեմբերի 6-ից վերամշակումը դադարեցրել է նաև «Ռոսնեֆտ»-ի խոշորագույն Ռյազանի նավթավերամշակման գործարանը, որը վառելիքով ապահովում է նաև Մոսկվայի տարածաշրջանը։
Օգոստոսին ուկրաինական անօդաչուների հարձակումների պատճառով առնվազն 8 ռուսական նավթավերամշակման գործարան դադարեցրել էին վառելիքի արտադրությունը։ Դրանց թվում են Լենինգրադի մարզում գտնվող «Կինեֆ»-ը, որը հզորությամբ Ռուսաստանում զբաղեցնում է երկրորդ տեղը, Մոսկվան վառելիքով մատակարարող ՅԱՆՕՍ գործարանը Յարոսլավլում, ինչպես նաև «Լուկոյլ»-ի «Նիժեգորոդնեֆտեօրգսինտեզ»-ը, որը բենզինի արտադրությամբ զբաղեցնում է երկրորդ տեղը և վերամշակման ծավալներով երկրի առաջին հնգյակում է։
Տուժել և նավթամթերքի արտադրությունը դադարեցրել են նաև «Պերմնեֆտեօրգսինտեզ»-ը, Նովոշախտինսկի, Սարատովի և Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանները, ինչպես նաև «Զապսիբնեֆտեխիմ»-ը՝ Ռուսաստանում պոլիմերների խոշորագույն արտադրողը։




























