ԵՄ-ի 150 միլիարդ եվրոյի վերազինման ծրագրից այն միջոցները, որոնք դաշինքի երկրները չեն օգտագործել, կուղղվեն Ուկրաինայի ռազմական աջակցությանը, Եվրոպական խորհրդարանին ուղղված իր ամենամյա ուղերձում հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Թեև ԵՄ միջոցներից մի շարք երկրների վճարումների չափերը դեռ վերջնականապես որոշված չեն, ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրին կարող է հասնել մոտ 20 միլիարդ եվրո։
ԵՄ-ն հաստատել է Security Action for Europe (SAFE) ծրագիրը 2025 թվականի մայիսին։ Այն Եվրամիության անդամ երկրներին հնարավորություն է տալիս նրա ընդհանուր հիմնադրամից ստանալ արտոնյալ վարկեր պաշտպանության մեջ ներդրումների, անվտանգության ամրապնդման, սպառազինության մշակման և արտադրության համար։ Եվրոպական անվտանգության և պաշտպանության ոլորտի մասնագիտացված Groβwald պարբերականի տվյալներով՝ օգոստոսի 12-ի դրությամբ SAFE-ին մասնակցել են ԵՄ 27 երկրներից 19-ը։ Օրինակ, Գերմանիան անմիջապես հայտարարել էր, որ այդ ծրագրից գումար չի վերցնի և վերազինումը կֆինանսավորի ինքնուրույն։
The Moscow Times-ի հաշվարկներով՝ ընդհանուր առմամբ հաստատվել և հատկացվել է 122,6 միլիարդ եվրո։ Այդ գումարը ներառում է 3,5 միլիարդ եվրո Լատվիայի համար, որը դեռ չի ստորագրել համաձայնագիրը, և 16,2 միլիարդ եվրո, որոնք պահանջել է Հունգարիան, սակայն Վիկտոր Օրբանի ղեկավարած նախկին կառավարության գործողությունների պատճառով Եվրամիությունն առայժմ սառեցրել է ։ Դրան կարող է ավելանալ նաև Իտալիայի համար վճարումը․ նրա համար վերապահվել է 14,9 միլիարդ եվրո, սակայն արտգործնախարար Անտոնիո Տայանին հայտարարել է, որ երկիրը կխնդրի մոտ 6-9 միլիարդ եվրո․ խորհրդարանը պետք է որոշում ընդունի մինչև տարվա վերջ։ Տայանիի նշած գնահատականի հավելումը կտա մոտ 130 միլիարդ եվրոյի համախառն գումար, որը ԵՄ երկրները կարող են ստանալ SAFE-ից։
Մնացած միջոցները կուղղվեն նոր ծրագրի իրականացմանը, որը նախատեսում է համատեղ նախագծեր ուկրաինական ռազմական ընկերությունների հետ, հայտնել է ֆոն դեր Լայենը։ Politico-ն նշում է, որ այս հայտարարությունը կօգնի վարչական խնդիրը (այնպիսի երկրների դժկամությունը, ինչպիսին Իտալիան է, ամբողջությամբ օգտագործել իրենց հասանելի արտոնյալ վարկերը) վերածել ուկրաինական մարտական և ռազմարդյունաբերական փորձը եվրոպականի հետ ինտեգրելու միջոցի։
Ուկրաինան և Եվրոպան ձգտում են ակտիվ համագործակցություն հաստատել ռազմարդյունաբերական համալիրի ոլորտում։ «Հաշվի առնելով, թե ինչպես է փոխվել մարտի դաշտում իրավիճակը Ռուսաստանի՝ Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո, էժան, բայց արդյունավետ սպառազինության համակարգերի մշակումը հատուկ նշանակություն է ստանում»,- Reuters-ին հայտարարել է Էստոնիայի Պաշտպանական ուժերի ներկայացուցիչը։ Սակայն այժմ հիմնական խնդիրը, ըստ պաշտպանական ձեռնարկությունների ղեկավարների և ռազմական փորձագետների, այն արտադրական հզորությունների ստեղծումն է, որոնք անհրաժեշտ են լայնածավալ հակամարտություն վարելու համար, գրում է գործակալությունը։




























