ԵՄ-ն և նրա անդամ պետություններն իրանական իշխանություններին կոչ են անում դադարեցնել բռնությունն ու բռնաճնշումները սեփական ժողովրդի նկատմամբ և կանգնեցնել մահապատիժների կոնվեյերը։

«Իրանում մահապատիժների ներկա տեմպերը սարսափեցնում են։ ԵՄ-ն հաստատուն և սկզբունքային կերպով հանդես է գալիս մահապատժի կիրառման դեմ՝ բոլոր դեպքերում և ցանկացած հանգամանքներում։ Մահապատիժն անհամատեղելի է կյանքի անքակտելի իրավունքի և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող պատիժների բացարձակ արգելքի հետ»,- ասվում է չորեքշաբթի հրապարակված՝ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (ԵԱԳԾ) պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ։

Փաստաթղթում նշվում է, որ իրանական քրդական ծագմամբ 22-ամյա Ջինա Մահսա Ամինիի՝ «հիջաբը ոչ ճիշտ կրելու» համար բարքերի ոստիկանության կողմից ձերբակալվելու ժամանակ մահանալուց և «Կին, կյանք, ազատություն» շարժման մեկնարկից չորս տարի անց, ինչպես նաև 2026 թվականի հունվարի համազգային բողոքի ցույցերի լույսի ներքո, որոնց ընթացքում սպանվել են հազարավոր ցուցարարներ, «ԵՄ-ն բարձր է գնահատում իրանցի կանանց և տղամարդկանց արիությունը և աջակցում է նրանց ձգտմանը դեպի այնպիսի ապագա, որտեղ համընդհանուր մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները կհարգվեն, կպաշտպանվեն և կիրականացվեն»։

ԵԱԳԾ ներկայացուցիչը հավելել է, որ պատերազմը «տառապանքի ևս մեկ շերտ»է բերել։ «Մենք խորապես վշտացած ենք հարվածների հետևանքով անմեղ մարդկանց զոհվելու առնչությամբ»,- հայտարարել է նա։

«ԵՄ-ն և նրա անդամ պետությունները միակամ են իրանական իշխանությունների կողմից շարունակվող բռնաճնշումների դատապարտման հարցում, ներառյալ մահապատժի համակարգված կիրառումը, բռնությունը, կամայական ձերբակալությունները և քննադատական ձայները լռեցնելու համար ահաբեկման մարտավարությունը։ ԵՄ-ն և նրա անդամ պետությունները իրանական իշխանություններին կոչ են անում դադարեցնել բռնությունն ու բռնաճնշումները սեփական ժողովրդի նկատմամբ»,- ընդգծվում է փաստաթղթում։