Սաուդյան Արաբիան ծրագրում է վերականգնել նավթի մղումը «Արևելք-Արևմուտք» նավթամուղով, որի աշխատանքը դադարեցվել էր անցյալ շաբաթ ԱԹՍ-ների հարձակումների պատճառով, և արդեն առաջիկա օրերին այն հասցնել նախկին ծավալի մոտ կեսին, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Ըստ աղբյուրների՝ պետական Saudi Aramco ընկերությունն աշխատում է խողովակաշարի վնասված հատվածը շրջանցելու ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա մասամբ վերականգնել նավթամուղի աշխատանքը։ Ընկերությունը մտադիր է ամբողջությամբ վերականգնել խողովակաշարը մոտ վեց շաբաթվա ընթացքում, նշել են աղբյուրները։

Aramco-ի և Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարության ներկայացուցիչները չեն պատասխանել Bloomberg-ի մեկնաբանության հարցմանը։

Օրական մոտ 7 միլիոն բարել թողունակությամբ և 1,2 հազար կմ երկարությամբ «Արևելք-Արևմուտք» նավթամուղն օգտագործվում էր սաուդյան նավթը Կարմիր ծովի ափին գտնվող Յանբու նավահանգիստ հասցնելու համար, որտեղից վառելիքը առաքվում է հաճախորդներին՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը։ Ըստ արևմտյան լրատվամիջոցների՝ անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով վնասվել էին այդ նավթամուղը սպասարկող երկու պոմպակայանները։