Ադրբեջանի իշխանությունները ձգտում են կալանքի տակ գտնվող թալիշ ակտիվիստ Իգբալ Աբիլովին երեք տարի ժամկետով տեղափոխել խիստ ռեժիմի բանտ։ Իշխանությունները պնդում են, որ Աբիլովը, որն արդեն կրում է 18 տարվա ազատազրկման պատիժ, խախտել է բանտի կանոնները։ Դրա մասին ասվում է OC Media-ի հրապարակման մեջ։
2025 թվականի մայիսին Լենքորանի ծանր հանցագործությունների դատարանը Աբիլովին դատապարտել է 18 տարվա ազատազրկման՝ մի շարք մեղադրանքներով, դրանց թվում՝ պետական դավաճանության, պետական հեղաշրջման կոչերի և ատելության հրահրման համար։
Բելառուսում բնակվող հետազոտողը ձերբակալվել էր 2024 թվականի հուլիսին՝ Ադրբեջանում հարազատներին այցելելու ժամանակ։ Նրա ձերբակալությունից հետո իշխանամետ լրատվամիջոցները հրապարակել էին նյութեր, որոնցում պնդվում էր, որ Աբիլովը համագործակցել է Հայաստանի հետախուզական ծառայությունների հետ։
Մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ, ինչպես նաև ՄԱԿ-ի հատուկ զեկուցողները, Աբիլովին քաղբանտարկյալ են համարում։ Իգբալ Աբիլովի իրավունքների պաշտպանության կոմիտեն հայտարարում է, որ նա քաղաքական գործունեությամբ չի զբաղվել, այլ կենտրոնացել է ակադեմիական հետազոտությունների և մշակութային ժառանգության պահպանման վրա։
Ինչպես հայտնել է կոմիտեն, դատական նիստի ընթացքում Քրեակատարողական ծառայության թիվ 12 բանտի ներկայացուցիչը հայտարարել է, որ Աբիլովը խախտել է բանտի կանոնները, և ներկայացրել է ենթադրյալ խախտումների նկարագրությամբ 22 էջանոց զեկույց։
Միաժամանակ պաշտպանության կողմը հայտարարել է, որ ո՛չ Աբիլովը, ո՛չ նրա փաստաբանը նախապես տեղեկացված չեն եղել փաստաթղթում նշված խախտումների և կարգապահական տույժերի մասին։ Բուն զեկույցը, ևս մինչև դատական նիստի մեկնարկը պաշտպանությանը չի տրամադրվել։
«Դատական նիստի ընթացքում բանտի վարչակազմը Իգբալ Աբիլովի կողմից բանտի կանոնների ենթադրյալ խախտումների և նրա նկատմամբ կիրառված տույժերի մասին 22 էջանոց զեկույց է ներկայացրել։ Սակայն ո՛չ Աբիլովը, ո՛չ նրա փաստաբանը նախապես տեղեկացված չեն եղել փաստաթղթում նշված խախտումների կամ տույժերի մասին։ Զեկույցը նախապես չի տրամադրվել պաշտպանության կողմին, որպեսզի այն կարողանար ծանոթանալ դրան և ուսումնասիրել այն»,- հայտնել են կոմիտեում։
Քրեակատարողական ծառայությունը չի պատասխանել մեկնաբանության հարցմանը։
Պաշտպանության կողմը պնդում է, որ Աբիլովը կալանքի ընթացքում չի խախտել բանտի կանոնները։ Բացի դրանից, փաստաբանը նշում է, որ անհասկանալի է, թե ինչ ապացույցների հիման վրա են ներկայացվել համապատասխան մեղադրանքները։
Աբիլովի փաստաբանը միջնորդել է հետաձգել դատական նիստը, որպեսզի պաշտպանության կողմը հնարավորություն ստանա ծանոթանալու ներկայացված փաստաթղթերին և ուսումնասիրելու դրանք։ Դատարանը բավարարել է միջնորդությունը։
Հաջորդ նիստը նշանակվել է հոկտեմբերի 12-ին։
Բացի դրանից, դատարանը բավարարել է պաշտպանության միջնորդությունը՝ թույլատրելով Աբիլովին դատավարության ընթացքում թալիշերեն խոսել թարգմանչի օգնությամբ։




























