Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս ուկրաինացիներին խուսափել Աբխազիա ու Հարավային Օսիա մեկնելուց։ Արտաքին քաղաքական գերատեսչությունը խորհուրդ է տալիս նաև խուսափել վրաց-ռուսական սահմանի «Ադլեր» ու «Ներքին Զարամագ» անցակետերից Վրաստանի տարածք մուտք գործելուց։

Ռուսաստանի տարածքով Աբխազիայի ու Հարավային Օսիայի սահմանային անցակետերում վրացական օրենքները չխախտելու կոչով են հանդես եկել Ադրբեջանի ու Բելառուսի ԱԳՆ-ները։ Սակայն Վրաստանի տարածքով անցնելն առայժմ անհնար է և ոչ անվտանգ, քանի որ Վրաստանի ու Հարավային Օսիայի և Վրաստանի ու Աբխազիայի սահմանները փակ են։

Վերջերս Ռուսաստանի կողմից ճանաչված կովկասյան նոր պետություններ կարելի է մուտք գործել միայն Ռուսաստանի տարածքով։ Լեհաստանի ու Գերմանիայի ԱԳՆ-ները նույնպես կոչ են արել իրենց քաղաքացիներին ձեռնպահ մնալ նշված տարածաշրջաններ այցելելուց։

Հայաստանի իշխանությունները երբեք չեն արգելել և կոչ չեն արել իրենց քաղաքացիներին չայցելել Աբխազիա ու Հարավային Օսիա։ Սակայն, միաժամանակ, Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել է, որ ռուսաստանյան հսկիչ անցակետերով Աբխազիա կամ Հարավային Օսիա մուտք գործելու դրոշմը Վրաստանում հայտնաբերելու դեպքում, այն ավտոմատ դառնում է վրացական իշխանությունների կողմից քրեական գործի հարուցման առիթ։ Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանի համաձայն, նախկինում նման դեպքերը շատ հաճախակի էին, իսկ վերջին տարվա ընթացքում գործնականում դադարել են։