Տարբեր ժամանակահատվածներում PKK-ի հետ բախումների ընթացքում զոհված թուրք զինվորականների 5 ընտանիքներ հայտարարել են, թե Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի դեմ գործ հարուցելու համար անհայտ անձանցից սպառնալիքներ են ստացել։

Զոհվածների ընտանիքները դատական գործընթացն սկսել են այն բանից հետո, երբ թուրքական Taraf-ը  հրապարակել էր մի տեսանյութ, որտեղ երեւում է,  որ անօդաչու հետախուզական ինքնաթիռը ֆիքսել է քուրդ զինյալների առաջխաղացումը թուրքական զորամասի ուղղությամբ, սակայն լրացուցիչ  ուժեր չեն ուղարկել։

Զոհվածներից մեկի հայրը՝ Ջահիթ Օզքանը,  Բեշիքթաշի հանրապետական դատախազություն դիմելուց առաջ լրագրողներին հայտնել է, թե անհայտ անձիք իմանալով, որ իրենք պատրաստվում են գլխավոր շտաբի դեմ դատական գործ հարուցել, սպառնալիքներ են հնչեցրել։

Նշենք, որ քուրդ զինյալների դեմ բախման ընթացքում զոհված թուրք զինվորականների ընտանիքները Թուրքիայի գլխավոր շտաբին մեղադրում են քուրդ զինյալների կողմից նախապատրաստվող հարձակումների մասին տեղյակ լինելու եւ դրանք չկանխարգելելու մեջ։