«Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը սահմանափակում է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի իրավունքները: Այսօր ՔԿՀ պետ Նելսոն Զաքարյանն արգելել է թերթեր փոխանցել Նիկոլ Փաշինյանին:

Փաշինյանի պաշտապն Տիգրան Մուրադյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ նման անձնավորված վերաբերմունքի պատճառը երեկ «Հայկական ժամանակ»-ում ՔԿՀ ղեկավարության դեմ հրապարակված հոդվածն է:

Պաշտպանը նշեց, որ, բացի շաբաթ եւ կիրակի օրերից, ինքն ամեն օր այցելում է Փաշինյանին եւ ամեն օր թերթեր է տանում, եւ Փաշինյանը դրանք անարգել տանում է խուց: «Բայց հանկարծ այսօր պետը որոշեց, որ չպետք է տանի: Դա արդյունք է այն բանի, որ Նիկոլ Փաշինյանը երեկ հոդված է գրել հենց պետի մասին, եւ պետը, վրդովված դրանից, որոշել է արգելել մամուլից օգտվելու իրավունքը»,- մանրամասնեց պաշտպանը: Փաշինյանին արգելել են , որ թերթերը տանի խուց, պատճառաբանելով, որ թերթերը տրամադրում է վարչակազմը, իսկ փաստաբանի բերած թերթերը խուց տանելն արգելվում է, թեեւ նախկինում նման խնդիրներ չէին հարուցվել: Պաշտպանին ասել են, թե նա կարող է դիմում գրել եւ թերթերը փոխանցել Փաշինյանին՝ վարչակազմի միջոցով, միաժամանակ պետն իր ենթականերին ապօրինաբար հրահանգել է պաշտպանից դիմում չվերցնել: «Ես ստիպված իմ դիմումն ու թերթերը գցել եմ արկղիկի մեջ»,- ասաց պաշտպանը՝ ստեղծված իրավիճակն այսպես գնահատելով. «Դրանով պետի կողմից սահմանափակվել է Նիկոլ Փաշինյանի մամուլից օգտվելու իրավունքը, ինչն օրենքով հստակ ամրագրված է: Պետն ուղղակի սուբյեկտիվ մոտեցում է ցուցաբերում»: Պաշտպանը նաեւ հայտնեց, որ իրենք համապատասխան միջոցներ են ձեռնարկելու՝ իրավիճակն օրենքի սահմաններում հարթելու համար:

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը 2008թ. մարտի 2-ից գտնվում էր հետախուզման մեջ եւ ինքնակամ իրավապահներին է ներկայացել 2009թ. հուլիսի 1-ին: ԵԽԽՎ-ն Հայաստանի իշխանություններից պահանջում էր չկալանել ինքնակամ ներկայացածներին, բայց հայաստանյան իրավապահները հրաժարվել են կատարել ԵԽԽՎ 1673 բանաձեւի պահանջը: