Օգոստոսի 19-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել ՌԴ քաղաքացի, 1990 թ. ծնված զինծառայող Իգոր Ն.-ն եւ հայտնել, որ օգոստոսի 16-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Բուլվարային թաղամասում գտնվող ՌԴ ՊՆ զորամասի տարածքում իրեն են մոտեցել 2 տղաներ, որոնցից մեկը վերցրել է իր բջջային հեռախոսը, ահաբեկել եւ դիմել փախուստի:
Օրեր անց՝ օգոստոսի 19-ին Իգոր Ն.-ն նույն զորամասի տարածքում նկատել է նշված տղաներին եւ հայտնել զորամասի հրամանատարությանը, որն էլ բռնել է գողերին:
ՀՀ ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում է, որ մեկնած օպերատիվ խումբը նրանց բերման է ենթարկել բաժին, որտեղ պարզվել է, որ Իգոր Ն.-ի բջջային հեռախոսը հափշտակել է 1992 թ. ծնված Ռուդոլֆ Ս.-ն, որի հետ եղել է նաեւ 1992 թ. ծնված Անդրանիկ Մ.-ն:
Պարզվել է նաեւ, որ վերջիններս համանման եղանակով գումար են հափշտակել նույն զորամասի զինծառայող, 1989 թ. ծնված Սերգեյ Մ.-ից եւ դիմել փախուստի:




























