Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտնել է, թե մինչ 2009-ի հունվարը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Թուրքիայի դեմ հարուցված դատերի քանակը կազմել է 27 հազար, որոնցից 1686-ը ավարտվել է Թուրքիայի պարտությամբ։
Fırat գործակալության փոխանցմամբ՝ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության Բիթլիսից ընտրված պատգամավոր Նազիր Քարաբաշի հարցմանն ի պատասխան, Դավութօղլուն հայտնել է հետեւյալը. «Մինչ 2009-ի հունվարը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Թուրքիայի դեմ ներկայացրած դատերի քանակը հասել է 27 հազար 398-ի, որոնցից 14 հազար 145-ը չի ընդունվել։ 1939-ի վերաբերյալ կայացել է դատական որոշում, որոնցից 1686-ի դեպքում Թուրքիան պարտություն է կրել»։
Ըստ Դավութօղլուի՝ 2009-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ, Թուրքիան, Ռուսաստանից հետո 2-րդ երկիրն է Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմողների քանակով։ «Թուրքիան, 2004-2009 թվականների ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում պարտված դատերի համար վճարել է 100 մլն 569 հազար թուրքական լիրա (70 մլն ԱՄՆ դոլար)»-ամփոփել է Դավութօղլուն։



























