Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «անօրինական» է որակել գործարար Վիկտոր Բուտին ԱՄՆ արտաքսելու Թաիլանդի դատարանի որոշումը: «Ցավում ենք Թաիլանդի վերաքննիչ դատարանի կայացրած՝ իմ կարծիքով անօրինական, քաղաքական որոշման կապակցությամբ: Որոշումը, մեր տեղեկություններով, ճնշման ներքո է կայացվել: Դա տխուր է»,-հայտարարել է Լավրովը՝ օգոստոսի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Հիշեցնենք, որ Թաիլանդի վերաքննիչ դատարանը չի հաստատել առաջին ատյանի դատարանի որոշումն ու ռուս գործարարին ԱՄՆ արտաքսելու որոշում է կայացրել: 

ԱՄՆ-ն Բուտին մեղադրում է զենքի անօրինական վաճառքի մեջ։ Բուտը Բանգկոկում ձերբակալվել էր 2008 թվականի։ 2009 թվականի օգոստոսի 11-ին Թաիլանդի դատարանը ապացույցների բացակայության պատճառով մերժել էր ռուսաստանցուն Վաշինգտոնին հանձնելու պահանջը։ Սակայն ավելի ուշ դատարանի որոշումը փոփոխության է ենթարկվել: