Վրաստանի համար կարեւորն այն է, որ Հայաստանը լիովին գիտակցում է Ռուսաստանից բխող ապագա սպառնալիքները: Նման տեսակետ է հայտնել Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն, անդրադառնալով Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Երեւան կատարած այցին եւ նրա հայտարարություններին:
Նա նկատել է, որ Հայաստանն ու Ռուսաստանն ունեն ավանդաբար բարեկամական հարաբերություններ, ինչը նրանց, որպես ինքնիշխան պետությունների, իրավունքն է: Սակայն, վրացական կողմը հոռետեսորեն է վերաբերվում Երեւանում Մեդվեդեւի արած այն հայտարարությանը, թե Ռուսաստանը հակամարտությունների լուծման հարցում միջնորդ է: «Մենք մեր սեփական փորձից գիտենք, որ Ռուսաստանը չի կարող կատարել հակամարտությունների միջնորդի դեր»,- նկատել է Կալանդաձեն եւ հավելել, որ Հայաստանը լավ գիտակցում է Վրաստանի հասցեին Ռուսաստանից հնչող սպառնալիքները, այդ թվում տարածաշրջանային անվտանգության համատեքստում: «Դրանից ելնելով մենք հիմքեր չունենք կասկածելու, որ Հայաստանը տարածաշրջանի անվտանգությունը հարցականի տակ դնող քայլեր կձեռնարկի»,- ասել է Կալանդաձեն:



























