Իսպանական El Mundo պարբերականը, վերլուծելով Business Book GP գրքի տվյալները, կազմել է Ֆորմուլա-1-ի այս տարվա արշավորդների դասակարգումն ըստ աշխատավարձի չափի: Հսկայական առավելությամբ առջեւում Ֆերարիի արշավորդ Ֆերնանդո Ալոնսոն է, որն այս մրցաշրջանում կվաստակի 30 միլիոն եվրո: Երկրորդ տեղում գտնվող Մաքլարենի արշավորդ Լյուիս Հեմիլթոնի աշխատավարձը կկազմի 16 միլիոն: Երրորդ տեղը կզբաղեցնի Ֆերարիի մյուս արշավորդը` Ֆելիպե Մասսան: Նրա աշխատավարձը 14 միլիոն է: Աշխարհի չեմպիոն Ջենսոն Բաթոնը 9 միլիոն քիչ է ստանում, քան թիմակից Հեմիլթոնը: Մերսեդեսի արշավորդներ Միխայել Շումախերն ու Նիկո Ռոսբերգը կստանան ութական միլիոն եվրո:
Ֆորմուլա-1-ի ամենացածր աշխատավարձը ստանում են Տորո Ռոսսոյի արշավորդներ Հայմե Ալգերսուարին ու Սեբաստիեն Բուեմին եւ Ռենոյից` Վիտալի Պետրովը: Ի դեպ, ռուսաստանցու ներկայացուցիչները նախկինում հայտարարել էին, թե Պետրովը Ֆորմուլա -1-ում աշխատավարձ չի ստանում: 200 հազարական է կազմում Ֆորս Ինդիայի ներկայացուցիչներ Ադրիան Սուտիլի եւ Վիտանտոնիո Լյուցիի եւ Վիրջինի արշավորդ Լուկաս դի Գրասսիի աշխատավարձը: Իսկ ամենաքիչը ստանում է HRT թիմի արշավորդ Բրունո Սեննան` ընդամենը 150 հազար եվրո: Նրա աշխատավարձը 200 անգամ քիչ է, քան Ալոնսոյինը:



























