ՀԱՊԿ հաջորդ ոչ պաշտոնական գագաթաժողովը կայանալու է Մոսկվայում` այս տարի, որի ընթացքում նախագահությունը կանցնի Բելառուսին: Այս մասին Հայաստանում ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովի այսօրվա նիստից հետո լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:

Նա ընդգծել է, թե Բելառուսի նախագահը տվել է իր համաձայնությունը: «Դա շատ է ուրախացնում մեզ»,- հայտարարել է Դմիտրի Մեդվեդեւը՝ իր խոսքն ամփոփելով «ողջույն բոլորին» արտահայտությամբ, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, օգոստոսի 13-ին Լուկաշենկոն, պատասխանելով Մեդվեդեւի դիտողությանը, թե Բելառուսը չի կատարում Հարավային Օսիան եւ Աբխազիան ճանաչելու իր խոստումը, մեղադրել էր վերջինիս «անբարեխղճության» մեջ: Ի պատասխան ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն պատրաստակամություն էր հայտնել հրապարակել ՀԱՊԿ գագաթաժողովի նիստի սղագրությունը, որում Լուկաշենկոն խոստանում է ճանաչել այդ հանրապետությունները:

Նշենք, որ Ալեքսանդր Լուկաշենկոն Երեւան է ժամանել ՀԱՊԿ գագաթաժողովից երկու օր շուտ: Նա մասնավոր այցով Երեւանում է  օգոստոսի 18-ից: Հայաստանյան մամուլի տեղեկություններով, նա Երեւանում հանդիպել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին: