Ամերիկյան «The Wall Street Journal» պարբերականն իր այսօրվա համարում ծավալուն անդրադարձել է Եվրոպայի էներգետիկ անվտանգության խնդիրներին եւ նշել, որ Հարավային Կովկասի հակամարտությունները, ինչպիսին է, օրինակ, ղարաբաղյան հակամարտությունը, հիմնարար սպառնալիք են հանդիսանում էներգիայի դիվերսիֆիկացման քաղաքականության մեջ փոփոխություններ մտցնելու Եվրոպայի փորձերի համար:
«Ադրբեջանի պաշտպանական ծախսերն արագորեն աճում են, միջնորդ-տերությունները փորձում են այդ երկրին համոզել՝ ոչ մի դեպքում ուժի չդիմել, սակայն այս փորձերը փոշիանում են. Կոսովոյի եւ Վրաստանի հակամարտություններն արդեն իսկ վտանգավոր նախադեպ են ստեղծել:
Ժամանակակից Եվրոպայում, լայն իմաստով, ինքնորոշման խնդիրներն ավելի հաճախ հաջողության են հասնում ուժի, այլ ոչ թե փոխզիջումների կամ միջազգային իրավունքի սկզբունքների միջոցով»,- գրում է հեղինակը եւ հավելում. «Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բանակցություններում հաջողության հասնելու համար միջնորդները պետք է կենտրոնանան տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման սկզբունքների վրա: Դա կարող էր Ադրբեջանի առջեւ հնարավորություն բացել տարածաշրջանում միջազգային էներգետիկ նախագծերին մասնակցելու համար»:



















