Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 20-ին ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովի նիստից հետո գագաթաժողովի արդյունքների վերաբերյալ խոսք է ուղղել լրագրողներին: Նա, մասնավորապես, ասել է.

«Այսօրվա գագաթնաժողովի առանցքային թեման Ղրղըզստանի իրավիճակն էր: Ավելի ստույգ` իրավիճակի արագ կայունացման ուղղությամբ ՀԱՊԿ շրջանակում իրականացված միջոցառումների եւ եղբայրական Ղրղըզստանին  մեր ցուցաբերած օգնության հարցը:

Մայիսի 8-ին Մոսկվայում կայացած մեր նախորդ հանդիպման արդյունքում երկրների ղեկավարները Ղրղըզստանում իրավիճակի մասին հայտարարություն ընդունեցին, որով պատրաստակամություն հայտնեցին իրավիճակի շուտափույթ կայունացման նպատակով Ղրղըզստանին հումանիտար եւ այլ օգնություն տրամադրել:

Այսօր մենք վերլուծեցինք այդ որոշման իրականացման ընթացքը, առաջին արդյունքները, կարծիքներ փոխանակեցինք այդ ուղղությամբ մեր հետագա քայլերի մասին: Մենք հաստատեցինք մայիսյան հանդիպման որոշմանը մեր հավատարմությունը եւ պայմանավորվեցինք շարունակել Ղրղըզստանում իրավիճակի կայունացման միջոցառումների շուրջ խորհրդակցությունները: Ավելի ընդհանուր` մենք խոսեցինք  ՀԱՊԿ-ում ճգնաժամային արձագանքման արդյունավետ մեխանիզմների ձեւավորման անհրաժեշտության մասին: Հեշտ հարց չէ, բայց շատ արդիական է:

Ինչպես գիտեք` այս թեման անդամ-պետությունների ղեկավարները բարձրացրել էին դեռ մայիսին: Եւ այսօր ծանոթացանք այն առաջնային առաջարկություններին, որոնք նախկինում կայացած քննարկումների արդյունքում մշակել էր ՀԱՊԿ քարտուղարությունը:

 Մտքերի փոխանակումն արդեն ավելի առարկայական եւ հանգամանալի էր: Այս կապակցությամբ, հաշվի առնելով մեր տարածաշրջանում ձեւավորված իրավիճակը, ես ներկայացրել  եմ  նաեւ  մեր պատկերացումները` այս ուղղությամբ  հետագա կոլեկտիվ քայլերի վերաբերյալ:

Մենք նախանշեցինք ՀԱՊԿ շրջանակում համագործակցության հետագա խորացման որոշակի քայլեր: Համոզված եմ, որ այդ ծրագրերի լիարժեք իրագործումը թույլ կտա մեր կազմակերպությունը հասցնել որակապես նոր` ավելի բարձր մակարդակի: Այսօրվա հանդիպումը կարեւոր քայլ է մեր երկրների եւ, ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ  պատասխանատվության տարածաշրջանի անվտանգության համակարգի հետագա զարգացման գործընթացում:

Որպես կազմակերպիչ-պետության Նախագահ, ցանկանում եմ երախտագիտություն հայտնել երկրների ղեկավարներին` գագաթնաժողովին մասնակցելու եւ կառուցողական, հանգամանալի կարծիքներ փոխանակելու  համար»: