«Առավոտ» թերթը զրուցել է ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանի՝ Ագոյի հետ: Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազաներն ու դրանց տեղակայման ժամկետի երկարաձգումը դրական ազդեցություն կունենա՞ն ԼՂ-ի դեմ ոտնձգությունները ետ մղելու իմաստով՝ թերթի հարցին Կարապետյանը պատասխանել է. «Այսպիսի ուղիղ հարցադրումը միանշանակ պատասխան ունենալ չի կարող: Մի կողմից՝ կարծում եմ, այո, կունենան: Մյուս կողմից՝ այդ հարցին նաեւ այլ տեսանկյունից կարող եմ պատասխանել. եթե մենք հոգեբանորեն պատրաստ ենք ինքնուրույն լինել, ստրուկ չլինել, կամ ռուս ժողովրդին ընդունել որպես բարեկամ եւ օգնել նրան, որ դառնա մեզ բարեկամ, ապա ռուսական բազայի տեղակայումն ու դրա ժամկետի երկարաձգումը մեզ վնաս չէ, նույնիսկ օգուտ է՝ մանավանդ այսօր ստեղծված իրավիճակում: Բայց եթե մենք ստրուկ ենք, ռազմաբազան կարող է առ ժամանակ մի օգուտ բերել, բայց հետո վնաս տալ կամ հակառակը: Այսինքն, ամեն ինչ կախված է մեզանից»:

Նրա դիտարկմամբ՝ ռուսները հայերի համար, ի տարբերություն եվրոպացիների, հոգեհարազատ ժողովուրդ են: «Չերչիլը մի հիմարություն է ասել՝ չկան հավերժական դաշնակիցներ եւ թշնամիներ, կան շահեր: Եթե նայենք այդ շահերի հնարավոր բախման տեսանկյունից , ապա շահերի առկայության պարագայում ոչ ընտանիք կա, ոչ բարեկամություն, ու կարելի է բոլորին առնել ու ծախել: Եթե մենք ռուսներին համարում ենք, այսպես ասած՝ հոգեւոր դաշնակից, ու այդ դաշինքում էլ մեկի շահը գերակայող չէ, նրանց հետ որեւէ համագործակցություն ես համարում եմ դրական»,- ասել է Ագոն: