Օգոստոսի 20-ին, ժամը 17.44-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գուսանագյուղ գյուղի լճակում պատանի է խեղդվել:
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Ժամը 19.30-ին փրկարարները լճակից դուրս են բերել նույն գյուղի բնակիչ, 20-ամյա Արթուր Հարությունյանի դին եւ հանձնել ոստիկանության աշխատակիցներին:
Նույն օրը, ժամը 17.23-ին ահա զանգ է ստացվել, որ Սեւանի «Ջրահարս» լողափում` ափից 100 մ հեռավորության վրա, դատարկ ռետինե նավակ է հայտնաբերվել: Մոտորանավակով դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Ափից 7-8 մ հեռավորության վրա ջրափրկարարները հայտնաբերել ու ջրից դուրս են բերել Սեւանի Ցամաքաբերդ թաղամասի բնակիչ, 59-ամյա Բենիկ Մարտիրոսյանի դին եւ հանձնել ոստիկանության աշխատակիցներին:
Մեկ այլ պատահար էլ գրանցվել է օգոստոսի 20-ին ժամը 18.30-ի սահմաններում Սեւանի «Խոլոդոկ» լողափում: Հերթապահության ժամանակ ջրափրկարարները ջրում խեղդվող տղամարդ են նկատել:
Րոպեներ անց ջրափրկարարները լճից դուրս են բերել Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Հովիկ Ղուկասյանին: Փրկարարները տուժածին ցուցաբերել են առաջին բուժօգնություն եւ տեղափոխել Սեւանի հիվանդանոց:
Ըստ բժիշկների` տուժածի վիճակը բավարար է:



























