Եթե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերսկսվի ռազմական գործողությունները, Ռուսաստանը չի խառնվի այդ գործողություններին ուղղակիորեն։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Անատոլի Ցիգանոկը: Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Հայաստանում հայտարարել էր, որ եթե Լեռնային Ղարաբաղին վտանգ սպառնա, Մոսկվան կկատարի ՀԱՊԿ- շրջանակներում ստանձնած իր պարտականությունները։
«Ռուսաստանը հայկական կողմին որոշ չափով կօգնի զենք տրամադրելով, հնարավոր է նույնիսկ ռուսական բանակում հայ զինվորականներին վերապատրաստելու գործում, սակայն հակամարտությանն ուղղակի միջամտություն չի լինի»-հայտարարեց փորձագետը։ Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղը ՀԱՊԿ-ի անդամ չէ, այն չճանաչված պետություն է եւ Ռուսաստանը ռազմական գործողությունների վերսկսման դեպքում կգործի ելնելով հենց այդ տրամաբանությունից։ «Այլ հարց է, որ եթե անմիջական հարձակում լինի Հայաստանի վրա, ՀԱՊԿ-ի անդամները, այդ թվում նաեւ Ռուսաստանը, կգործի համապատասխան ստանձնած պարտավորությունների շրջանակում»,-նշեց փորձագետը։
Խոսելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարության մասին, որ Երեւանի կողմից Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետի երկարաձգումը ենթադրում է նաեւ նրա աշխարհաքաղաքական նշանակության ընդլայնում, Ցիգանոկը նշեց.
«Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարաձգումը պետք է դիտարկել Իրանի շուրջ ծավալած իրավիճակով։ Ես կարծում եմ, որ մոտ ապագայում ԱՄՆ եւ Իսրայելը ռազմական գործողություններ կսկսեն Իրանի նկատմամբ, սակայն Ռուսաստանն ապահովել է իրեն երակարաժամկետ հեռանկարում»:



























