Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետարանը կամպանիա է ծավալել ինքնակամ շինությունների դեմ։ Քաղաքապետ Վազգեն Միքայելյանը նշել է, որ ողջ քաղաքի ինքնակամ շինությունները ենթակա են քանդման և դրանց տեղերում հիմնականում կկառուցվեն մանկական խաղահրապարակներ։ Ըստ քաղաքապետի, Ստեփանակերտում շատ են նաև քաղաքային համայնքին պատկանող հողատարածքների ինքնակամ օգտագործման դեպքերը։

Խոսելով Հեքիմյան 20 հասցեում գտնվող տան բակում ավտոտնակների կառուցման ծրագրերի կապակցությամբ վերոհիշյալ տան բնակիչների բողոքների մասին, Վազգեն Միքայելյանը նշել է, որ քաղաքապետարանում ուսումնասիրել են այդ հարցը, և նկատի առնելով բնակիչների այն անհանգստությունը, թե ավտոտնակների շինարարությունը կարող է խաթարել նրանց հանգիստը, ընդառաջ են գնացել բնակիչներին՝ ընդհատելով ծրագիրը։ Միաժամանակ, ըստ նրա, կքանդվեն ապօրինի շինությունները, հետ կվերցվեն որպես այգիներ ինքնակամ օգտագործվող հողատարածքները, և դրանք կօգտագործվեն երեխաների համար խաղահրապարակներ կառուցելու համար։ Վերջին գաղափարին թաղամասի բնակիչները հիմնականում հավանություն են տվել։

Ըստ Ստեփանակերտի քաղաքապետի, խաղահրապարակների շինարարությունը քաղաքապետարանի առաջնահերթ խնդիրներից մեկն է, և այդ ծրագիրը նախատեսված է առաջիկա մի քանի տարիների համար։