ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարները մեկնում են Հայաստանից, որտեղ օգոստոսի 20-ին կայացել է կազմակերպության ոչ պաշտոնական գագաթաժողովը:

Քիչ առաջ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել են Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն ու Ղրղըզստանի նախագահ Ռոզա Օթունբաեւան:

Շուտով Երեւանը կլքի նաեւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն` իր տիկնոջ հետ: Բարձրաստիճան հյուրին կճանապարհի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին Երեւանում կայացել է ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովը, որի հիմնական թեմաներն են եղել Ղրղըզստանում առկա իրավիճակն ու ճգնաժամային իրավիճակներին դեպքում արձագանքման մեխանիզմների մշակումը:  Կազմակերպության հաջորդ գագաթաժողովը կայանալու է այս տարվա դեկտեմբերին` Մոսկվայում: Այստեղ ՀԱՊԿ նախագահությունը Ռուսաստանից կփոխանցվի Բելառուսին:

ՀԱՊԿ անդամ-երկրներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղրղըզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Ղազախստանը: Նշենք, որ Ուզբեկստանի նախագահը ՀԱՊԿ երեւանյան գագաթաժողովին չի մասնակցել: