Երեկ «Ժառանգության» պատգամավոր Ստեփան Սաֆարյանը հրապարակեց 2008թ. հունիսի 24-ին ընդունված «Ժողովրդավարական հաստատությունների գործառնությունները Ադրբեջանում» ԵԽԽՎ թիվ 1617 բանաձեւը եւ նշեց, թե դրա տակ ստորագրել են նաեւ հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն ու Ավետ Ադոնցը: Այդ բանաձեւն ընդունում էր, որ Ադրբեջանի տարածքի մի մասն «օկուպացված» է եւ կոչ էր անում հայկական կողմից դուրս հանել իր զինված ուժերը: Ի դեպ, մոնիտորինգի հանձնաժողովում այդ բանաձեւի նախագիծն ընդունվել էր միաձայն, իսկ նիստին մասնակցել էին նաեւ Հարությունյանն ու Ավետ Ադոնցը:

Այսօր «Հայելի» ակումբում Դավիթ Հարությունյանը NEWS.am-ի խնդրանքով ներկայացրեց իր պարզաբանումները՝ ըստ էության հերքելով Ստեփան Սաֆարյանին: «Ես երեկ տեղեկացա, թե ինչի մասին է խոսքը եւ հընթացս պատրաստ չէի մեկնաբանել: Բայց տեղեկացնեմ ձեզ, որ մոնիտորինգի հանձնաժողովը քննարկել է այդ նախագիծը: Թե Ստեփան Սաֆարյանը, թե' Զարուհի Փոստանջյանը, թերեւս անտեղյակության պատճառով, ապակողմնորոշել են: Այդ նախագծի տակ չկա մեր ստորագրությունը: Գրված է, որ նախագիծն ընդունվել է միաձայն, իսկ դա չի արտացոլում բոյկոտողներին: Մենք իրականում բոյկոտել ենք: Վեհաժողովի քննարկման ժամանակ մենք դեմ ենք քվեարկել, քանի որ մեր առաջարկությունները չեն ընդունվել»,- մանրամասնեց Հարությունյանը: Վերջինս նաեւ բերել էր մի փաստաթուղթ, որով հաստատվում էր, որ դեմ են քվեարկել: NEWS.am-ի դիտարկմանը, թե ավելի ճիշտ չէր լինի, որ մոնիտորինգի նիստը չբոյկոտեին եւ քվեարկությունը միաձայն չստացվեր, Դավիթ Հարությունյանը պատասխանեց, թե չեն ցանկացել հակամարտության մեջ մտնել մոնիտորինգի նիստի ժամանակ: Խնդիրն այն է, որ այդ «խաղաղասիրության» պատճառով եվրոպական կառույցները հակահայկական բանաձեւեր են ընդունում, իսկ մեր դիվանագիտությունը դոփում է տեղում: