Գիտության պետական կոմիտեն աշնանը կառավարություն կներկայացնի ոլորտի զարգացման ռազմավարությունը՝ 10 տարվա կտրվածքով։ Բավականին հավակնոտ ծրագրում ընդգրկված են գիտության ոլորտի թիրախային խնդիրներն ու դրանց ուղղությամբ կոմիտեի պատկերացրած լուծումները։ Ռազմավարության մանրամասների եւ առհասարակ գիտության ոլորտի իրավիճակի մասին է NEWS.am-ի զրույցը Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի հետ։
Պարոն Հարությունյան, Ձեր մշակած ռազմավարության մասին մի փոքր կմանրամասնե՞ք։
Սա շատ կարեւոր փաստաթուղթ է։ Հայաստանի գիտության զարգացման 10 տարվա ռազմավարությունն է։ Գիտության ասպարեզում խնդիրները շատ-շատ են։ Համակարգային փոփոխություններ են ենթադրվում մոտակա 10 տարիների ընթացքում։ Այսօրվա մեր համակարգը Խորհրդային Միությունից ժառանգած համակարգն է՝ գիտություն իրականացնող երեք ոլորտները՝ ազգային ակադեմիան, ճյուղային գիտությունը (տարբեր նախարարություններ ունեն ինստիտուտներ) եւ բուհական գիտությունը։ Այս հիմնարկների գիտությունը Խորհրդային Միությունից տրանսֆորմացված գործառույթներն են, որոնք ժառանգել ենք։ Անկախության պարագայում իրավիճակը փոխվեց։ Այն ժամանակ հզոր պետության մաս էինք կազմում եւ համապատասխանաբար ընդունում այն խաղի կանոնները, որոնք այդ պետությանն էր սազական, եւ Հայաստանը իր ուրույն դերակատարումն ուներ ու վատ չէր աշխատում: Մեր հանրապետության գիտական վարկանիշը բավականին բարձր էր։ Ժամանակը փոխվեց, անկախ պետություն՝ սահմանափակ մարդկային ռեսուրսներով, սահմանափակ գիտակրթական տարածքով։ Խնդիրներն էլ փոխվեցին, հետեւաբար մեր պետության համար անհրաժեշտ էր ունենալ գիտության զարգացման նոր ռազմավարություն։
Ո՞ր խնդիրներն են հատկապես շեշտադրված ծրագրում։
Մեկը նյութատեխնիկական բազայի արդիականացումն է։ Վերջին 30 տարվա ընթացքում գիտական սարքավորումները չեն թարմացվել։ Իհարկե, կան առանձին լաբորատորիաներ, որ իրենց գրանտային ծրագրերով կարողացել են սարքեր ձեռք բերել։ Կան 80 հետազոտական հիմնարկներ, որոնց մի մասը իրենց գիտական ծրագրերով կրկնում են իրար։ Այդ քանակի հիմնարկներ պետք չեն, ենթադրվում է, որ ապագայում պիտի միավորվեն, այսինքն՝ ենթակառուցվածքների օպտիմիզացիայի հստակեցում պետք է լինի։ Մյուսը գիտական տեղեկատվական ցանցի ստեղծումն է։ Պետք է կարողանանք Հայաստանը ինտեգրել եվրոպական կառույցներում։Հաջորդը գիտության ու կրթության տեխնիկայի բնագավառի բարձ որակավորում ունեցող կադրերի թվաքանակի դինամիկ աճի ապահովումն է։ Սա կապված է խելացի երիտասարդների հոսքի հետ։ Հետեւաբար պետք է ծրագիր մշակենք, որ երիտասարդները գայթակղվեն եւ մնան Հայաստանում։ Երիտասարդական հատուկ գրանտային ծրագրեր ենք իրականացնում։ Այս ամսվա վերջին մրցույթ կհայտարարենք 30 տարեկան փորձառու գիտնական երիտասարդներին դրամաշնորհներ կտրամադրենք։ Ապագայում ենթադրվում է երիտասարդներին հավելյալ աշխատավարձ տրամադրել։ Գիտական կադրերի վերարտադրությունը մեզ մոտ հատուկ ձեւուվ է կատարվում։ Այն կլինի նպատակային, այսինքն՝ գիտությամբ կզբաղվեն նրանք, ովքեր պիտի զբաղվեն եւ ոչ թե նրանք, ովքեր խուսափում են բանակից։ Կարեւոր կետերից է նաեւ կրթության գիտության տեխնոլոգիաների եւ ինովացիայի (նորարարության) ներդաշնակ ձեւավորումը։
Անկախացումից հետո չի՞ մշակվել որեւէ ծրագիր։
Չէ, անկախացումից հետո չի ներկայացվել ռազմավարություն՝ օբեկտիվ պատճառներով։ Նախ Խորհրդային Միության փլուզումից առաջ տեղի ունեցավ այլանդակ երկրաշարժ, որը մեր տնտեսությունը ամբողջությամբ ավերեց։ Հայաստանը երկրաշարժից հետո անկախ պետություն դարձավ, այսինքն` մենք մենակ մնացինք մեր բոլոր խնդիրների հետ։ Այնուհետեւ ղարաբաղյան պատերազմը. մեր ամբողջ ռեսուրսները ներդրեցինք այդ պատերազմին։ Մի խոսքով, այս ամենի հետեւանքով գիտությունը մղվեց 7-րդական պլան։ Այս շրջանում եթե նույնիսկ մշակվեր, անիմաստ էր։ 2000 թվականին Հայաստանի գիտության բյուջեն եղել է 4 միլիոն դոլար, եթե համեմատենք խորհրդային ժամանակների հետ, ապա, թվերը հստակ չեմ հիշում, բայց մոտ 4 հարյուրից 5 հարյուր միլիոն դոլար էր։ 2000 թվականից հետո տնտեսությունը, սկսեց զարգացում ապրել, բնականաբար, պետության ղեկավարները հասկացան, որ մենք ունենք մի հզոր ոլորտ, որ ժամանակին մեզ պատիվ է բերել, տնտեսությանը մեծ օգուտ, հարկավոր է այն առաջ մղել։ Սկսվեցին գիտության ասպարեզում բովանդակային ու կառուցվածքային լուրջ փոփոխություններ։
Իսկ ներկա դրությամբ ոլորտն ի՞նչ վիճակում է։
Մինչեւ կոմիտեի նախագահ դառնալը ես ավելի վատ պատկերացում ունեի ոլորտի վիճակի մասին։ Իրականում Հայաստանում այս տարիների ընթացքում լուրջ պոտենցիալ պահպանվել է։ Վրաստանի, Ադրբեջանի ու շատ երկրների հետ համեմատած մենք գիտակրթական լուրջ պոտենցիալ ունենք։ Մոտ 7500 գիտնական կա Հայաստանում, միջազգային հեղիանակավոր ամսագրերում շատ հոդվածներ ունենք տպագրված, մոտ 6500 աշխատանքեր։
Տարիքային բաշխումն ինչպիսի՞ն է մեզ մոտ, օրինակ՝ այդ աշխատանքերի հեղինակները հիմնականում ի՞նչ տարիքի գիտնականներ են։
Խորհրդային Միության գիտնականներն էլ, երիտասարդներն էլ տպագրվում են։ Ցավոք, տարիքային բաշխումը, որ նայում ենք՝ 35-40-ի միջակայքը, բավականին ցածր է մեզ մոտ, դա այն տարիքն Է, երբ գիտնականը առավել ակտիվ է աշխատում։ Ցավոք, տնտեսական ծանր պայմանների պատճառով այդ տարիքային միջակայքը նվազեց, շատերը գնացին արտասահման։ Բայց, այնուամենայնիվ, դեռ ունենք երիտասարդներ, որ մեզ մոտ աշխատում են։ Գիտության ոլորտում աշխատող մարդկանց տարիքը, ցավոք, շատ ծերացել է, թեեւ գիտական պաշտպանությունները շատ են, բայց գիտության մեջ ընդգրկված գիտնականների տարիքը համարժեք չէ պաշտպանածների թվին։ Օրինակ, Հայաստանում գիտությունների թեկնածուների միջին տարիքը մոտ 57 տարեկան է, իսկ դոկտորներինը` 62։ Գյուղատնտեսության ոլորտում դոկտորների միջին տարիքը՝ 72, սրանք շատ վտանգավոր թվեր են։
Իսկ խորհրդային ժամանակաշրջանի հետ համեմատա՞ծ։
Խորհրդային ժամանակաշրջանում թեկնածուների միջին տարիքը մոտ 27-28 տարեկան էր, տարբեր ժամանակներում տարբեր էր` մինչեւ 32, բայց այդ միջակայքը մինչեւ 30 տարեկան թեկնածուների համար բավականին լավ տարիք է, իսկ դոկտորներինը՝ 40-45 էր: Մոտ 20 տարով գիտությունը մեզ մոտ ծերացել է, դա շատ վատ է։
Գիտնականների միջին աշխատավարձը որքա՞ն է կազմում։
Գիտեք, կոնկրետ աշխատավարձ չկա, որ ասենք գիտնականը ստանում է 50 հազար դրամ աշխատաավարձ, հիմա ընդունված է ասել, որ գիտության ոլորտում աշխատավարձը 50 հազար է։ Դա այնքան էլ ճիշտ չէ։ Նախեւառաջ մենք ունենք բազմաթիվ գիտական ծրագրեր` բազային, գրանտային, եւ նույն գիտնականը կարող է այնտեղից էլ, այնտեղից էլ ստանալ։ Խորհրդային Միությունից ժառանգված գիտնակաները 1200 են։ Նրանց ազգանունները 94-ից մինչեւ հիմա ես տեսնում եմ բոլոր ծրագրերում։ Նրանց միջին աշխատավարձը այսօր մոտավորապես 1000 դոլար է։ Լացելու սովորությունը որոշ մարդկանց մոտ կա: Ճիշտ է, պետության կողմից տրված աշխատավարձը որ բաժանես գիտնականների վրա, կլինի 50-55 հազար դրամ, բայց գիտությունը միայն պետական միջոցներով չի զարգանում։ Եթե մեր ռազմավարության մեջ ընդգրկված կրթության գիտության ինովացիոն տեխնոլոգիաների համակարգի ստեղծումը իրականանա, պետական միջոցների ծախսումը գիտության մեջ 50 տոկոս կդառնա։ Այսօր մեր գիտությունը 100 տոկոսով նստած է պետության վրա, այդպես չպիտի լինի։ Ես բազմաթիվ դեպքեր կարող եմ բերել, երբ գրանտային ծրագրերում ընդգրկված երիտասարդին տալիս ես 3-4 հարյուր դոլար աշխատավարձ, նա հրաժարվում է երեք հազար դոլարով դրսում աշխատելուց։
Այսինքն՝ երիտասարդ գիտնականին գոհացնո՞ւմ է 400 դոլար աշխատավարձը։
Ես բազմաթիվ դեպքեր կարող եմ բերել։ Ես, օրինակ, աշխատել եմ Ֆլորենցիայի համալսարանում, մեծ աշխատավարձով, հետո ինձ հրավիրել են, ես եկել եմ համալսարան 30 դոլար աշխատավարձով։ Ես մտածել եմ, որ ես պետության զավակ եմ ու իմ առաքելությունը այստեղ պիտի իրականացնեմ։ 2000-2003 թվականներին մեր ամբիոնը 1 միլիոն 200 հազար դոլարի գրանտային ծրագրեր շահեց եւ ստեղծեցինք հոյակապ լաբորատորիա։ Իմ ասպիրանտները այն ժամանակ 600 դոլար էին ստանում։
Իսկ բիզնեսմենները ներդրումներ անո՞ւմ են գիտության ոլորտում։
Այս խնդիրն էլ է ընդգրկված ծրագրում։ Մոտակա 10 տարիների ընթացքում մենք պետք է ստեղծենք համակարգ, որը լինի այնպիսին, որ բիզնեսմենի համար պատվեր տալը լինի շահեկան։ Իսկ այսօր բիզնեսմենը, որ տեսնում է ինստիտուտներում սարքավորումները հնացած են, շենքերը քանդված , նա գիտնականին չի վստահում։ Ինչքան էլ խելոք մարդ լինի։ Եթե կարողանանք լուրջ սարքավորումներ ձեռք բերել, ապա գիտնականի տված արտադրանքին կսկսեն հավատալ։ Բիզնեսմենը կհասկանա, որ ներմուծած տեխնոլոգիաներով իր բիզնեսը զարգացնելը ավելի քիչ շահեկան է, քան թե տեխնոլոգիայի պատվեր տալը մեր գիտնականերին։ Նույնիսկ Միացյալ Նահանգներում, որ հզորագույն պետություն է, սկսել են հենվել սեփական գիտնականի վրա, քան թե տեխնոլոգիաներ գնելու, քանի որ սեփական գիտնականները ավելի էժան են։ Ճգնաժամ ունեցող երկրները ավելի ուշադրություն են դարձնում գիտության վրա։ Ռուսներն էլ են դա հասկացել։ Իսկ Հայաստանը փոքր երկիր է, մեր բյուջեն փոքր է, մոտ 8,3 մլրդ դրամ է, 30 միլիոն դոլար։
Պարոն Հարությունյան միայն հնացա՞ծ սարքավորումներով է պայմանավորված բիզնեսմենների անտարբերությունը գիտության նկատմամբ։ Գուցե նրանց արժեքային համակարգը թույլ չի տալիս հետաքրքրվել այս ոլորտի խնդիրներով, չէ՞ որ բոլորիս է հայտնի, թե ովքեր են հայաստանյան բիզնեսի կարկառուն ներկայացուցիչները։
Ճիշտ եք ասում, համաձայն եմ Ձեզ հետ։ Եթե նայենք 18-րդ դարի նոր ստեղծված բուրժուազիային, որի մեջ սկսեց զարգանալ տեխնիկական բուրժուազիան, ապա կտեսնենք, որ այն ժամանակվա բիզնեսմեններն էլ մարդիկ էին, որոնք արագ կողմնորոշվեցին ու բիզնեսմեն դարձան։ Ես այսօր շատ ծանոթ ընկեր բիզնեսմեններ ունեմ, որոնք ժամանակին շարքային հասարակ գիտնական են եղել…
Գիտնակա՞ն…
Այո, մեր բիզնեսմենների մեջ բավականին խելոք մարդիկ կան։ Կան նաեւ բիզնեսմեններ, որոնք առանձնապես կրթություն չեն ստացել եւ դեպքերի բերումով դարձել փողատեր։ Նույնիսկ այս դեպքում, եթե շփվեք, կտեսնեք, որ կրթության հանդեպ խորը հարգանք ունեն։ Ուզում են, որ իրենց երեխաները շատ լավ կրթություն ստանան…Իրենք շատ լավ հասկանում են, որ ժամանակի ընթացքում, այս վայրենի կապիտալիզմից հետո, երբ հստակ խաղի կանոններ սկսեն աշխատել, մոնոպոլ բիզնեսը կվերանա, փողը պահելու համար պետք է գրագետ սերունդ զարգացնես։ Եթե դու չարեցիր, կկորցնես։ Եւ դա իրենք շատ լավ հասկանում են ու իրենց ընտանիքներում այդ մտայնությունը կա։ Մեզ մոտ նոր ձեւավորվող բուրժուազիա է։ Մեզ մոտ ռեալ կապիտալ սկսեցին ձեռք բերել 90-ական թվականներին, ժամանակը կարճ էր՝ գրագետ դառնալու համար։ Բիզնեսի ասպարեզում պետք է ունենալ հոյակապ մենեջմենթ։ Այս բաները նոր են սկսել հասկանալ։ Եւ բացի այդ, մեր բիզնեսմենները ուզում են արագ շահույթ ստանալ, դրա համար գերադասում են դրսից տեխնոլոգիաներ գնել, բերել եւ սկսել միանգամից փող աշխատել, ոչ թե մի հինգ տարի ժամանակ ծախսեն եւ այդ տեխնոլոգիան ստանան Հայաստանում ավելի էժան։ Եւ այդ բրենդը կլինի իրենց ձեռքում։ Այդ տեխնոլոգիան կարող են վաճառել ու ստանալ հարյուրապատիկ շահույթ։ Սա մեզ մոտ դեռ հասունացած չէ, իսկ դրա համար պետությունը պետք է օգնի։ Պետք է բիզնեսմենին հասկացնի, որ՝ գիտես լավ կլինի սա անես, քեզ համար սա է օգտակար։
Պարոն Հարությունյան, չէ՞ որ մեր երկրում բիզնեսի կարկառուն ներկայացուցիչները պետության ղեկավարներն են, արագ շահույթն էլ իրենք են հետապնդում, էլ ո՞վ ում պիտք է բան բացատրի։
Եթե մարդկությանը վերաբերվող գլոբալ խնդիր ես լուծում, ապա լուծման եղանակները շատ նման են իրար։ Այսինքն՝ Հայաստանը ժամանակի ընթացքում համապատասխան ճանապարհ անցնելուց հետո կգա, այն պետությունների գաղափարին կհանգի, որոնք այսօր դարձել են զարգացած երկրներ։ Մենք յուրահատուկ ազգ չենք, որ ասենք՝ ամեն ինչ վերացավ: Մենք ճանապարհ ունենք անցնելու, այնպես, ինչպես բոլոր երկրները։
Գիտության ո՞ր ճյուղն է մեզ մոտ շատ զարգացած։
Ավանդական ճյուղեր կան, որ խորհրդային ժամանակներում զարգացած են եղել: Մինչեւ հիմա էլ շարունակվում է ֆիզիկան: Ցավոք, քիմիան վատ վիճակում է, բայց այն ժամանակ մեծ քիմիան էր զարգացած Հայաստանում։ Մեծ քիմիան Խորհրդային Միությունում զարգացավ, որովհետեւ հումքը հիմնականում դրսից էին բերում եւ Հայաստանը դարձավ քիմիայի երկիր։ Եթե բացվեն, ես վստահ եմ, որ մեծ քիմիան մեզ մոտ նորից կզարգանա։ Ավանդաբար միկրոէլեկտրոնիկան է զարգացած, ֆիզիկայի մի շարք ոլորտներ՝ տեսական, միջուկային: Մենք ատոմային երկիր ենք, ատոմակայան ունենք։ Կենսաբանությունն էլ շատ լավ վիճակում է։ Եթե համեմատենք խորհրդային ժամանակների հետ, բավարար չէ, բայց այս ոլորտներում դեռ ունենք լուրջ կադրեր։ Գիտության համար շատ կարեւոր է դպրոցի պահպանումը։ Մի շարք դպրոցներ մեզ մոտ վերացել են անկախության տարիներին։ Օրինակ, աստղագիտության ոլորտը հիմա ծանր վիճակում է։ Եթե ուշադիր լինենք, կարող ենք այս ոլորտը նորից վերականգնել։ Բայց ոլորտներ կան, որ անվերադարձ կորցրել ենք։
Իսկ Հայաստանը գիտության ներկայիս մակարդակով ո՞ր երկրների հետ կարող է համեմատվել։
Նախկին սոցիալիստական երկրների հետ որ համեմատվենք, մեր մակարդակը էապես մի գուցե կարող է զիջել Ռուսաստանին, իսկ մնացած երկրների հետ համեմատ՝ նույնիսկ բարձր մակարդակ ունենք։ Գիտնականների մակարդակով մենք շատ լավ ենք։ Մենք ֆինանսական եւ կազմակերչական խնդիրներ ունենք լուծելու։ Ռազմավարությունը նաեւ կազմակերպչական մոտեցումների ու խաղի կանոնների ստեղծմանն է ուղղված։
Իսկ հայագիտության ոլորտը ի՞նչ վիճակում է։
Ակադեմիան այս հարցում կարեւոր դերակատարություն ունեցել է։ Պետք է հաշվի առնենք, որ այս ոլորտը խորհրդային ժամանակաշրջանում զարգացնելու նպաստավոր պայմաններ չկային։ Եւ խորհրդային գաղափարայնացված պետությունը խանգարում էր։ Ազգերի հավասարության կեղծ սկզբունքը թույլ չէր տալիս մեր պատմամշակութային ժառանգության մասին բարձրաձայն խոսել, որովհետեւ դա կարող էր չուկչիներին խանգարել։ Եթե նույնիսկ շատ էլ ցանկանայինք, դժվար կլիներ, սակայն մենք ունեցել ենք հզոր հայագետներ։ Այսօր իրավիճակը փոխվել է, իսկ որպեսզի այս ոլորտում լուրջ առաջընթաց գրանցենք, մեր ռազմավարության մեջ էլ գրել ենք։ Այս ոլորտի վերաբերյալ առանձին ծրագիր պիտի գրենք եւ ներկայացնենք կառավարությանը։ Ես հույս ունեմ, որ եթե այս ռազմավարությունը իրականացվի, մենք կունենանք լուրջ գիտություն, կվերադառնանք 80- ական թվականների մեր մակարդակին։ Աշխատասեր ժողովուրդ ենք, ճկուն ենք, այս բոլոր հատկանիշներն ու պետության մոտեցումներն էլ որ հաշվի առնենք, ապա ես հույս ունեմ, որ 2020-ին կունենանք լուրջ ավանդույթներով գիտություն։
Երիտասարդների հետաքրքրությունը գիտության նկատմամբ ի՞նչ մակարդակում է։
Մենք ունենք փայլուն երիտասարդներ։ Նույնիսկ մեր կուրսը, որ վերջին 15 տարիների ընթացքում համարվում էր հզոր կուրս, մենք զիջում ենք։ Ճիշտ է արագ էինք կողմնորոշվում՝ այս կամ այն խնդիրը լուծելիս, բայց կաղապարված էինք։ Գաղափարայնացված էր գիտությունը, մեզ շատ խանգարում էր։ Հիմա ինտերնետի, ինֆորմացիայի դարաշրջան է։ Հիմա էլ ունենք երիտասարդներ, որոնք հաճույքով գիտությամբ կզբաղվեին, ուղղակի նրանց մեծ մասը թողնում, գնում է։ Խորհրդային տարիներին երկաթե վարագույր էր եւ գնալ-գալը շատ դժվար էր: Ես արտասահման գնացի 86 թվականին՝ մեծ դժվարությամբ: Քանի որ զեկուցման տեքստը Գլավլիտով չէի անցկացրել, սահմանից ինձ չթողեցին անցնել։ Շատ դժվար էր, հոսքի մասին խոսելն էլ աիմաստ էր։ Իսկ հիմա ազատ ես։ Ցանկացած մարդ, որ ունի շնորհք եւ ունակություններ, կարող է ցանկացած երկրում աշխատել: Ընդհանրապես, գիտնականների ազատ տեղաշարժը կարեւոր գործոն է։ Ամբողջ աշխարհում գիտնականները ազատ գնում են, տարբեր երկներում աշխատում ու վերադառնում են: Պարզապես մեզ մոտ վատն այն է, որ գնում են ու չեն վերադառնում։ Եթե գիտնականը ազատ չտեղաշարժվի, լուրջ հաջողություններ չի ունենա, ուղղակի պետք է ապագայում ստեղծենք պայմաններ, որպեսզի երիտասարդ գիտնականը ինչ-որ ժամանակ արտասահմանում աշխատելուց հետո վերադառնա Հայաստան։ Այս խնդրին մեր ռազմավարության ծրագրում լուրջ ուշադրություն է դարձվում։
Ուղեղների արտահոսքի աճի միտում կա՞։
Հիմա բավականին նվազել է, իսկ 90-ականներին շղթայական ռեակցիայի նման մի բան էր. բոլորը թողեցին, հեռացան։ Հիմա էլ կա, բայց ծավալը այդքան շատ չէ։
Պայմանավորված ձեր նշած 3-4 հարյուր դոլար աշխատավարձո՞վ։
Չէ, չէ։ Նախեւառաջ գիտության մեջ մտնող մարդիկ են պակասել։
Պարոն Հարությունյան, մեր փոքրիկ բյուջեով ինչպե՞ս է իրականացվելու Գիտության կոմիտեի բավականին հավակնոտ ծրագիրը։
Բանն այն է, որ փողերի օգտագործման օպտիմալ ճանապարհ պետք է գտնվել։ Գումարների մի մասը փոշիացնում են, նույնիսկ չնչին գումարները: Այսօրվա 8 միլիարդը, նորմալ ձեւուվ չեն ծախսում։ Այսինքն՝ պետք է նպատակային ծրագրերի վրա ծախսեն, պետությունը պատվեր պետք է տա ու դրանց վրա պետք է ծախսել։ Ես բան չունեմ ասելու, հիմնարար գիտության համար գումար պետք է ներդնես, բայց գումարների բավականին լուրջ մասը պետք է տրամադրել պետական ծրագրերի համար, ինչը չի արվել։ 4-5 միլիարդ դրամը բավականին լուրջ գումար է, եթե նպատակային ծախսես, հաստատ լուրջ արդյունք տալու է։ Սա շատ երկրների փորձն է։ Այսինքն՝ այնպես չէ, որ ինստիտուտը կա, ինստիտուտին պիտի գումար տաս: Ոչ թե պետք է ըստ ինստիտուտի անդամների գլխաքանակի բաշխես փողը, այլ ըստ գիտական խնդիրների։ Եթե մենք կարողանանք ֆինանսավորել այն ծրագրերը, որոնք նպաստում են տնտեսության այս կամ այն ճյուղի զարգացմանը, ապա այդ ժամանակ այն կլինի արդյունավետ։
Զրուցեց Գայանե Գրիգորյանը



















