Հայաստանի համար «Գազպրոմի» տրամադրած 24 դոլարի զեղչը որոշ հնարավորություններ է տալիս Հայաստանի կառավարությանը, բայց ՀՀ բնակիչներին դա դժվար թե վերաբերի։ Այս մասին սեպտեմբերի 8-ին՝ «Ռուսաստան-Հայաստան. հարաբերությունների ներկայիս վիճակն ու հեռանկարները» թեմայով  Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը։

«Ես միայն կողմ կլինեի, եթե դա անդրադառնար Հայաստանում գազ սպառող բնակիչներին։ Բայց, ցավոք, որքանով ես եմ հասկանում, այդ զեղչը ոչ մի կերպ չի անդրադառնա գազի սակագնին»,- նշել է Եվսեեւսը։

Հիշեցնենք, որ ՌԴ էներգետիկայի նախարարությունն ու ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը արձանագրություն են ստորագրել Հայաստանի Հանրապետությանը մատակարարվող բնական գազի գնագոյացման կարգի վերաբերյալ 2013թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին։ Փաստաթուղթը իրավաբանորեն Հայաստանին մատակարարվող 1000 խ/մ ռուսական գազի բազային գինը 189 դոլարից իջեցնում է մինչեւ 165 դոլար։