Գյումրիի՝ իր էքսցենտրիկ բնավորությամբ հայտնի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն առաջիկայում մեկնելու է Ռուսաստանի Դաշնություն՝ բուժվելու նպատակով: Այդ մասին այսօր Գյումրիի Մուշ-2 թաղամասում լրագրողներին հայտնել է Վարդան Ղուկասյանը: «Առողջականս վատ է, գնում եմ Մոսկվա՝ բուժվելու՝ էն դեպքերի պատճառով»,- նշել է Ղուկասյանը:

«Էն դեպքեր» ասելով Գյումրիի քաղաքապետը նկատի է ունեցել 2007թ. ապրիլի 2-ին իր դե կատարված մահափորձը, երբ երեկոյան` ժամը 22.30-ի սահմաններում, Երեւան-Գյումրի ավտոմայրուղու` Աշտարակ քաղաքին հարող հատվածում անհայտ անձինք մահափորձ էին իրականացրել իր դեմ: Գյումրիի քաղաքապետի երեք թիկնապահները՝ 1985 թվականին ծնված Արտյոմ Ադամյանը, 1981 թվականին ծնված Սիսակ Վարդանյանը եւ 1970 թվականին ծնված Հովհաննես Միրզաբեկյանը զոհվել էին, իսկ Վարդան Ղուկասյանն ու նրան ուղեկցող բազմաթիվ այլ անձինք ստացել էին հրազենային վնասվածքներ: Հանցագործությունն առ այսօր բացահայտված չէ: