Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո ԻԱՄ-ը դիմել է Կենտրոն դատարան՝ պահանջելով «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանից գանձել 127 հազար դրամ: NEWS.am-ի հետ զրույցում Արշակ Սադոյանը նշեց, որ ապրիլին Հանրապետության հրապարակում աշխատանքի գնալիս փոքր վթար է եղել՝ իր մեքենայով մի փոքր քերծել է մեկ այլ մեքենա, ԱՊՊԱ-ն այդ մեքենայի քերծվածքը գնահատել է 127 հազար դրամ, որն իրականում արժե 10 հազար դրամ:
«Ես մեղավոր չէի, այդ օրը շատ էի շտապում, մեքենայի վարորդը կին էր, նրան ասացի մի մարդու հետ եմ հանդիպելու, որն ավելի կարեւոր է, քան քո մեքենայի քերծվածքը, արի 10 հազար տամ, գնամ: Չհամաձայնեց, սպասեցինք, մինչև եկավ ԱՊՊԱ-ն, նկարեց: Այդ ժամանակ էլ զգուշացրի, որ շտապում եմ, պետք է գնամ, բայց թույլ չտվեցին, ասացին` պետք է սպասեմ մինչև ոստիկանությունը գա, ես էլ թողեցի, գնացի»,– ասաց նա։
Արշակ Սադոյանը նշեց, որ վթարի պահին իր մեքենան ապահովագրած չի եղել, ինքն էլ ԱՊՊԱ-ին առաջարկել է մյուս վարորդի մեքենան սարքել, սակայն, չեն համաձանել:
«ԱՊՊԱ-ն այդ կնոջ մեքենայի քերծվածքը գնահատել է 127 հազար դրամ, որն իրականում արժե 10-15 հազար դրամ: Ես չեմ վճարել այդ գումարը, սպասում եմ, որ դատարանը որոշի, եթե հաստատի, կվճարեմ: Այդ քերծվածքի համար չարժեր այսքան աղմուկ բարձրացնել»,-ասաց Սադոյանը:




























