Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղից դուրս եկող գլխավոր ճանապարհը հակառակորդի կրակահերթերի ժամանակ անանցանելի է դառնում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, լրագրողներին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամլո խոսնակ Ալեն Սիմոնյանը, որը մեկ շաբաթ առաջ այցելել էր Բերքաբեր ու այլ սահմանամերձ գյուղեր:
«Եթե կրակոցներ են լինում, Բերքաբերը Հայաստանին կապող միակ ճանապարհով հնարավոր չի լինում անցնել, որովհետեւ այն կարծես հակառակորդի դիրքերի ափի մեջ է»,- ասաց Ալեն Սիմոնյանը` նշելով, որ գյուղապետն իր միջոցներով սարի միջով ճանապարհ է բացել, բայց դա ճանապարհի միայն ամենավտանգավոր մասն է փոխարինում, իսկ հորդառատ անձրեւների ժամանակ անանցանելի է դառնում:
Ալեն Սիմոնյանը նշեց, որ չնայած Բերքաբերում շատ տների պատուհաններ նայում են 100-200 մետր հեռավորության վրա գտնվող ադրբեջանական դիրքերին, բայց մարդիկ չեն պատրաստվում լքել իրենց բնակավայրերը: Նա պատմեց, որ Բերքաբերում տներից բացի վնասվել են նաեւ հակառակորդի դիրքերին մոտ գտնվող՝ գյուղի գերեզմաների տապանաքարերը:
Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ թեեւ բնակիչներն անհանգստանում են իրենց ընտանիքի անդամների ապահովության համար, բայց խուճապային տրամադրություն չկա, նրանք ռմբակոծություններից ավելի շատ բողոքում են սոցիալական վիճակից, քանի որ կասկածում են, թե կառավարության տրամադրած փոխհատուցումը կբավականացնի տների վնասված պատերը, տանիքները վերանորոգելու համար:





























