Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանը հայտարարել է, թե քրդական կուսակցության դեմ տեղի ունեցող հարձակումները սադրանքներ են, որոնք հեղաշրջման են տանում։
Ստամբուլի հայկական «Ակոս»-ի հետ զրույցում Գարո Փայլանը պատմել է, որ երեկոյան ժամերին ոստիկանությունն իրենց կենտրոնական գրասենյակի դիմաց է եղել, սակայն ժամեր անց թույլատրել է ազգայնամոլներին ջարդել կուսակցության գրասենյակի պատուհանները եւ հրդեհել այն։
«Այս հարձակումներն իրականացվում են այլ հարձակումների համար ճանապարհ բացելու համար։ Կուսակցության գլխավոր գրասենյակը այրելը՝ այդ կուսակցության գաղափարախոսության այրելն է նշանակում։ Այս սադրանքները ցույց են տալիս, որ գործընթացը դեպի հեղաշրջում է գնում։ Բազմաթիվ միջադեպերին ոստիկանները եւ հատուկ ծառայությունների գործակալները ազգայնականների անվան տակ են մեր գրասենյակների վրա հարձակվում»,-ասել է Գարո Փայլանը։





























