Չինաստանի դատարանը կայացրել է դատավճիռ այն կնոջ վերաբերյալ, ով ներկայանալով որպես Ցին տոհմի արքայադուստր ՝ տարբեր մարդկանցից պարտքով փող էր վերցնում: Նրան դատապարտել են 13.5 տարվա ազատազրկման ՝ խաբեբայության համար: Այս մասին հայտնում է Lenta -ն՝ վկայակոչելով «Սինխուա» գործակալությունը:
Վան ազգանունով 45-ամյա չինուհին իրեն Չանպին էր անվանում ու վստահեցնում քաղաքացիներին, որ ինքը չինական վերջին կայսերական տոհմի ներկայացուցիչն է: Նրա խոսքով ՝ ինքը պետք է 28 միլիոն դոլար ժառանգեր, սակայն իշխանություններն իբրեւ թույլ չեն տալիս, որ ինքը վերականգնի իր օրինական իրավունքները: Պարտքով գումար վերցնելով՝ նա խոստանում էր եռակի շատ վերադարձնել, երբ կստանա իր ժառանգությունը: Այս ձեւով դատապարտյալը ու նրա հանցակիցը կարողացել են մոտավորապես 380 հազար դոլար ստանալ ՝ 2013 թ. փետրվարից մինչեւ 2014 թ. հուլիս ժամանակահատվածում:
Սիան քաղաքի դատարանը Վանին պարտավորեցրել է ամբողջ գումարը վերադարձնել տուժած պարտատերերին: Կեղծ արքայադստեր հանցակցին դատապարտել են 12 տարվա ազատազրկման:
Վանի գործը քննվում էր 2014 թ. հոկտեմբերից սկսած ՝ այն բանից հետո, երբ վարկատուներից մեկը ՝ հոգնելով սպասելուց, թե երբ է հետ ստանալու իր գումարը, նրան պատանդ էր վերցրել: Ոստիկանական գործողության արդյունքում աղջկան ազատ էին արձակել ու անմիջապես ձերբակալել: Նրա տան խուզարկության ժամանակ հայտնաբերվել են կեղծ ոսկե սալիկներ ու կեղծ դոլարների կապոցներ: Դրանց օգնությամբ նա համոզում էր վարկատուներին, որ ինքը թագավորական ծագում ունի:





























