Հայաստանում կալանավորները, որոնք դատապարտվել են անզգույշ հանցագործության համար եւ պատիժը պետք է կրեն բաց ռեժիմով, տուժում են արդարադատության համակարգում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության բացակայության պատճառով: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, NEWS.am-ին ասաց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
«Հայաստանում ամբողջ փաստաթղթաշրջանառությունն արվում է այնպես, ինչպես արվում էր 1917թ.՝ փոստատարի միջոցով: Փոստատարները այս փաստաթուղթը փոխանցում են այս պետական հիմնարկից այն պետական հիմնարկ, իսկ կալանավորը ստիպված անբարենպաստ պայմաններում սպասում է, որ իրեն տեղաբաշխեն, գնա պատիժը կրի բաց ռեժիմով: Գործողությունը, որը կարելի է էլեկտրոնային տարբերակով անել 1-2 օրում, արվում է 20 օրում»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը՝ հույս հայտնելով, որ արդարադատության նոր նախարարի նշանակումը կարող է դրական փոփոխություն մտցնել այս հարցում:
Փաստաբանը նշեց, որ նման փաստաթղթային քաշքշուքի մեջ է ընկել նաեւ իր պաշտպանյալ, դերասան Վարդան Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ պատիժը բաց ռեժիմով կրելու մասին դատական ակտը օրինական ուժի մեջ է մտել օգոստոսի 21-ին, եւ դրանից մի քանի օր անց Վարդան Պետրոսյանը պետք է գտնվեր իր պատժի կրման վայրում, սակայն փաստաթղթային հարցերի պատճառով գործընթացը ձգձգվել է 20 օր:
«Վարդան Պետրոսյանը պետք է 22-23-ին գտնվեր իր պատժի կրման վայրում, որը 500 մետր էր հեռու իր մեկուսարանից: Բայց այդ 500 մետրը հաղթահարելու համար պարզվեց, որ նամակները պետք է Վճռաբեկ դատարանից հասնեն Կոտայքի մարզի դատարան, Կոտայքի մարզի դատարանի կենտրոնական նստավայրից՝ Հրազդանից Աբովյան, Աբովյանից գրությունը հասնի մեկուսարան, հետո վարչություն, այնուհետեւ հասնի հետ մեկուսարան, որից հետո ուղարկվի Վարդաշեն, այնտեղ պայմանագիրը ներկայացվելուց հետո այն պիտի ուղարկվի վարչություն, այնտեղից պայմանագիրը պիտի հետ ուղարկվի քրեակատարողական հիմնարկ, որ անձը հնարավորություն ունենա պատիժը կրելու ընթացքում գնա աշխատանքի»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:





























