Տավուշի մարզի Չինարի գյուղում հակառակորդի կրակոցներից վերջին շաբաթվա ընթացքում  18 տուն է վնասվել, բնակիչներն ընդհանուր առմամբ կրել են կես միլիոն դրամի վնաս: Այս մասին NEWS.am-ին ասաց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը:

«Հանձնաժողով կա, ամեն անգամ կրակոցներից հետո շրջում ենք ու մոտավոր գնահատում վնասի չափը: Վնասվել են տների տանիքները, պատուհանների ապակիները, դռներ: Բարեբախտաբար, խոշոր վնասներ չկան, ականները, որ ընկել են այգու մեջ, դրանց արձակած բեկորներից են  պատուհաններն ու տանիքները վնասվել»,- ասաց Սամվել Սաղոյանը:

Գյուղապետը նշեց, որ նախորդ տարվա համամեմատ վնասի չափը, բարեբախտաբար քիչ է: Նախորդ տարի կառավարությունը վնասն ամբողջությաբ փոխհատուցել է, գյուղապետը վստահ է, որ այս տարի նույնպես կփոխհատուցվի:

Սամվել Սողոյանը նշեց, որ վնասների վերջնական չափի մասին դեռ խոսել չեն կարող, քանի որ հակառակորդը շարունակում է պարբերաբար կրակել գյուղի ուղղությամբ: Վերջին կրակոցները եղել են նախորդ օրը երեկոյան, առավոտյան Չինարիում խաղաղ է եղել: