«Եզո» անվանելու համար հարեւանին սպանելու մեջ մեղադրող 26-ամյա Արթուր Ազատյանն այսօր՝ սեպտեմբերի 9-ին, պաշտպանական ճառի ժամանակ սպառնացել է իրեն դատապարտելու դեպքում ինքնասպան լինել: NEWS.am-ի հետ զրույցում Արթուր Ազատյանի պաշտպան Էմմա Եղիազարյանը նշեց, որ ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչում եւ ցանկանում է նաեւ դիմում գրել նախագահ Սերժ Սարգսյանին:

«Իմ պաշտպանյալը իրեն մեղավոր չի ճանաչում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նա ինքնապաշտպանվել է եւ պետք է  մեղավոր ճանաչվի  ՀՀ քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով` անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանություն»,-ասաց նա:

Այժմ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու:

Նշեք, որ դատախազ Տիգրան Հակոբյանը պահանջում է 11 տարվա ազատազրկում Արթուր Ազատյանի համար:

Ըստ մեղադրանքի՝ Արթուր Ազատյանը 2014թ. նոյեմբերի 6-ին, ժամը 21:00-ի սահմանում իր՝ Երեւան քաղաքի Վ.Շենգավիթ 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 1 տանը, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, իրեն «եզո» անվանելու հարցի շուրջ վիճաբանել է իր հարեւան Անդրանիկ Հարությունի Պարսամյանի հետ, որի ընթացքում վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ խոհանոցային դանակով մեկ անգամ հարվածել է նրա որովայնի ձախ շրջանին՝  կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ պատճառելով՝ սպանել է նրան: Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: