Մեր սահմաններն ամուր են և պատերազմի վտանգ չկա. իսկ լարված իրավիճակը Ադրբեջանի ներքին քաղաքականության հետ է կապված: Այսօր`սեպտեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ նման կարծիք հայտնեց «Նիկոլ Դուման» ջոկատի ազատամարտիկ Ալբերտ Պողոսյանը:

«Մենք բոլոր մահապարտներով պատրաստ ենք ցանկացած պահի գնալ սահման`օգնելու մեր զինվորներին: Այս պահին պատերազմի վտանգ չկա, սա կապված է ուղղակի Ադրբեջանի ներքին քաղաքականության հետ, Ալիևի կլանը կորցրել է իր վերահսկողությունը ժողովրդի նկատմամբ: Այս ամենը պարզապես  ադրբեջանցիներին բնորոշ պրովոկացիա է: Միայն ստեղծում են լարվածություն, նրանք ավելին անել չեն կարող»,- նշեց ազատամարտիկը:

«Մահապարտներ» ջոկատի ազատամարտիկ Գագիկ Մինասյանը հայտնեց, որ իրենց ջոկատի մեծ թվով անդամներ արդեն սահմանին են:

Նա վստահեցրեց, որ մեր զինվորներն առանց խուճապի մատնվելու պահպանում են սահմանը:

«Ժամանակին մենք հոգեպես ենք զինված եղել,  իսկ հիմա և՛  հոգեպես, և՛ զենքով»,-հավելեց ազատամարտիկը` կոչ անելով, խուճապի չմատնվել, քանի որ իրենք չեն թողնի, որ հակառակորդը «թեկուզ 1 սանտիմետր առաջ գա»:

Ազատամարտիկները նշեցին նաև, որ «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանն այս պահին գտնվում է Տավուշի մարզում և տեղեկացնում է, որ սահմանին հանգիստ է: