Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին եւ նրա կինը՝ Վերոնիկա Լարիոն, կրկին չեն կարողացել պայմանավորվել ամուսնալուծության եւ ունեցվածքը կիսելու շուրջ։

Այն մասին, որ Լարիոն Բեռլուսկոնիից բաժանվելու մասին որոշում է կայացրել, իտալական թերթերը պատմել էին 2009 թվականի մայիսի 3-ին, եւ վարչապետն էլ ցավագին կերպով էր արձագանքել այդ տեղեկությանը։

Բեռլուսկոնին եւ Լարիոն ծանոթացել են 1980 թվականին։ Իտալիայի վարչապետն այն ժամանակ հարուստ եւ հայտնի ձեռնարկատեր էր, իսկ Լարիոն՝ թատրոնի դերասանուհի։ Տասը տարի անց նրանք ամուսնացել էին. դա Բեռլուսկոնիի կյանքում երկրորդ ամուսնությունն էր։

Լարիոն ապահարզանի մասին լրջորեն սկսել էր խոսել 2008 թվականի ամռանը՝ նշելով, որ դրա շուրջ մտածում է արդեն տասը տարի։

Այն որ ամուսինների միջեւ լուրջ խնդիրներ էին ծագել, հայտնի էր ոչ միայն ընտանիքի անդամներին եւ նրանց հարազատներին։ Անցած տարվա ավարտին Լարիոն հրապարակայնորեն քննադատության էր ենթարկել ամուսնուն այն բանի համար, որ նա իր կուսակցությունում հեռեւստատեսության եւ շոու-բիզնեսի կին ներկայացուցիչների է ընդգրկում։

Լարիոյի համբերության բաժակը, սակայն, լցվեց 2009 թվականի ապրիլի 26-ին, երբ հայտնի դարձավ, որ նրա ամուսինը ներկա է եղել նեապոլիտանուհի Նոեմի Լետիցիայի 18-ամյակի տոնակատարությանը։ Աղջիկը հայտնել էր լրատվամիջոցներին, որ հաճախ  է տեսնվում Բեռլուսկոնիի հետ։ La Repubblica թերթի կարծիքով հենց սա էլ դարձել էր Բեռլուսկոնիի եւ Լարիոյի ընտանեկան կյանքի «վերջի սկիզբը»։